Գերմանացի բնապահպանները դատական հայց են ներկայացրել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության առնչությամբ
1 րոպեի ընթերցում

Գերմանական բնապահպանական BUND կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերության՝ Ստորին Սաքսոնիայի Լինգեն քաղաքում գտնվող վառելիքային տարրերի գործարանի հետ համագործակցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Հայցին միացել է նաև հակամիջուկային Ausgestrahlt կազմակերպությունը։ Լյունեբուրգի վարչական բարձրագույն դատարանը հաստատել է բողոքի ստացումը։
Լինգենում գտնվող գործարանը «Ռոսատոմ»-ի հետ ցանկանում է արտադրել ռուսական նախագծմամբ վառելիքային հավաքակայաններ՝ նախատեսված Արևելյան Եվրոպայի այն երկրների համար, որոնք դեռևս շահագործում են խորհրդային և ռուսական տեխնոլոգիաների վրա հիմնված ատոմակայաններ։
Ստորին Սաքսոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հուլիսին հաստատել էր նախագիծը՝ որոշակի պայմաններով։ Նախագծին կանաչ լույս տրվեց այն ժամանակ, երբ դաշնային կառավարությունն իրականացրեց ստուգում և չհայտնաբերեց լրտեսության կամ դիվերսիայի էական ռիսկեր։