Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին
2 րոպեի ընթերցում

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ենթադրյալ յոթ անդամներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Նրանք մեղադրվում են Բեռլինում և Վիեննայում ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ, որոնք պետք է համընկնեին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա իրականացված ահաբեկչական հարձակման երկրորդ տարելիցի հետ։
Ըստ քննիչների՝ Գերմանիայի և Ավստրիայի մայրաքաղաքներում այդ օրը ծրագրվում էին հարձակումներ՝ ուղղված իսրայելցի ներկայացուցիչների, հրեա քաղաքացիների կամ իսրայելամետ հայացքներ ունեցող անձանց դեմ։
Ահաբեկիչների ծրագրերը կանխվել են նախատեսված հարձակումներից ընդամենը օրեր առաջ։ Առաջին երեք կասկածյալները ձերբակալվել են Բեռլինում 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։ Տեղեկությունների համաձայն՝ այդ պահին խումբն արդեն կուտակել էր զինանոց, որը բաղկացած էր ինքնաձիգներից, 13 ատրճանակներից և ավելի քան 700 փամփուշտներից։
Միաժամանակ Լոնդոնում ձերբակալվեց ևս մեկ կասկածյալ. վերջինիս նկատմամբ առանձին դատական վարույթ է ընթանում։ Մյուս ձերբակալություններն իրականացվել են Դանիայում, Կիպրոսում և Բեռլինում։
ՀԱՄԱՍ-ը, որը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հերքել է իր կապը ձերբակալված անձանց հետ։