Մշակույթ

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

6 րոպեի ընթերցում

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի հոբելյանի առթիվ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հովհաննես Շարամբեյան-100. հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսը, որը միտված է արվեստագետի մշակութային գործունեության բազմազան ոլորտների բացահայտմանը։

Ցուցահանդեսում ներառվել են հեղինակի վրձնին պատկանող յուրահատուկ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, այլ նկարիչների ստեղծած կտավներ, քանդակներ՝ նվիրված Շարամբեյանին, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցանմուշները Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև արվեստագետի ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից են։

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ Հովհաննես Շարամբեյանը գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, հասարակական գործիչ, մշակութային ժառանգության պահպանության ջատագով, թանգարանագետ ու թանգարանաստեղծ արվեստագետ էր։ Հակոբյանը կարծում է՝ հենց դրանում է Շարամբեյանի մեծությունը. նրան հնարավոր չէ դիտարկել մեկ ասպարեզում։ «Շարամբեյանը պապիկիս՝ նկարիչ Գրիգոր Աղասյանի լավ բարեկամներից էր։ Նրա անունը՝ Վանիկ, մանկության տարիներին միշտ ուղեկցել է ինձ։ Բարի ու գնահատանքի խոսքեր եմ լսել նրա մասին։ Երբ մեծացա, Վանիկ անունը կապվեց մեծ արվեստագետ Հովհաննես Շարամբեյանի հետ»,-ասաց Հակոբյանը։

Ցուցահանդեսի համադրողներից Հայկուհի Սահակյանը նշեց, որ Շարամբեյանը կերպարվեստ է մուտք գործել 1940-ական թվականներին և հետագայում իր ձեռագիրն ամրապնդել է որպես «Ձնհալի արվեստագետ», հետո նրա գործունեությունը սերտոներն կապվել է Դիլիջանի հետ։

«Ցուցադրության մի հատվածը նվիրված է նրա դիլիջանյան գործունեությանը։ Որպես Դիլիջանի վավերագրող՝ Շարամբեյանը ստեղծել է քաղաքի համայնապատկերներ, հին Դիլիջանը ներկայացնող կտավներ, որոնք պահպանել են քաղաքի հին մթնոլորտը, շունչը։ Նա մեծ ներդրում է ունեցել քաղաքի պատմամշակութային միջավայրի վերականգնման և պահպանման գործում։ Բազմազբաղ լինելու պատճառով Շարամբեյանն իր կյանքի ընթացքում նման մեծ ցուցահանդես չի ունեցել։ Նրա անհատական ցուցադրությունները կազմակերպվել են Դիլիջանում, Իջևանում։ Առաջին անգամ է ընդգրկուն ներկայացվում նրա ստեղծագործական, մշակութային ժառանգությունը»,-շեշտեց Սահակյանն ու հավելեց՝ Հովհաննես Շարամբեյանը, հավատարիմ մնալով Կոմիտասի այն պատգամին, որ ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, որից պետք է սովորել, իր հայացքն ուղղել է դեպի ժողովրդական արվեստը՝ նպաստելով դրա պահպանմանն ու արդիականացմանը։

Ցուցահանդեսի համադրողներից է նաև Նարեկ Վան Աշուղաթոյանը, որը Հովհաննես Շարամբեյանի թոռն է։ «Երբ զբաղված էինք համադրողական աշխատանքով, մտածեցի՝ ինչ ափսոս է, որ Հովհաննես Շարամբեյանը քիչ է նկարել։ Նա անչափ սիրել է նկարչությունը, բայց, ցավոք, կամ ի ուրախություն մեզ, քիչ ժամանակ է տրամադրել դրան և նվիրվել է ժողովրդական արվեստներին։ Արդյունքը շոշափելի է և մինչ օրս քաղում ենք նրա աշխատանքի պտուղները»,-նշեց նա։

Աշուղաթոյանը կարծում է՝ եթե Շարամբեյանը նկարիչ չլիներ, նրա ծրագրերը, այն, ինչ արել է ժողովրդական արվեստների բնագավառում, այլ բովանդակություն կունենային, և, եթե չլիներ ժողովրդական արվեստը, նրա նկարչությունն այլ կլիներ։ «Սրանք միմյանց փոխլրացնող ոլորտներ են, որոնք առկա են Շարամբեյանի արվեստում»,-ընդգծեց նա։

Շարամբեյանի արվեստն ու մշակութային գործունեությունը կարելի է դիտարկել որպես «հիշողության պատկերագրության» ամբողջական համակարգ։ Նրա ստեղծագործություններում մարդիկ, առարկաները, քաղաքային ու գյուղական միջավայրը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու հայրենի բնաշխարհը ներկայանում են որպես ժամանակի հետքը կրող և անցյալի ժառանգությունը ներկային փոխանցող կերպարներ։ Նույն աշխարհընկալումն է ընկած ժողովրդական արվեստի հանդեպ նրա հետևողական հետաքրքրության հիմքում։ Պատկերը, իրը, մշակութային միջավայրը և թանգարանը նրա գործունեության մեջ կազմում են փոխկապակցված ամբողջություն։

Շարամբեյանի համար ժառանգությունը ավարտված անցյալ չէր, այլ ներկա մշակութային ինքնագիտակցությունը ձևավորող կենդանի ակունք։ Նրա բազմաբովանդակ գործունեությունը միտված էր հանրության գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ազգային ժառանգության արժևորմանը, գեղարվեստական ավանդույթների պահպանմանն ու արդիականացմանը և ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը։ Շարամբեյանի գաղափարներն այսօր իրենց շարունակությունն են գտնում Երևանի և Դիլիջանի՝ նրա անունը կրող ժողովրդական արվեստների թանգարաններում։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում