Մշակույթ

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

7 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի մեկնարկի ասուլիսը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի մեկնարկի ասուլիսը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նվագախմբի 21-րդ համերգաշրջանի մեկնարկի առթիվ կազմակերպված ասուլիսում անդրադարձան նոր համերգաշրջանին, առաջիկա ծրագրերին, Հայաստան հրավիրված մենակատարներին, դիրիժորներին, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանն ու նոր նախաձեռնություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ նախորդ համերգաշրջանի գլխավոր միջոցառումը՝ սիմֆոնիկ նվագախմբի մեծ համերգը, որը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պատմական էր ՀՀ մշակութային կյանքում և ապացուցեց, որ դասական երաժշտության սիրահար մեր քաղաքացիները բազմաթիվ են։  

«Այս նվագախումբն առանձնանում է իր բազմաֆունկցիոնալ դերով, ժամանակակից համույթի իսկական մոդել է, որովհետև այլևս միայն ժանրային խիստ առանձնահատկություններով մի քանի նվագախումբ ունենալը ճոխություն է, ուստի պետք է մեր մշակութային կյանքում ունենանք մի նվագախումբ, որը  պատրաստ է ելույթ ունենալ աշխարհահռչակ դաշնակահար Լանգլանգի հետ և ժանրային արագ տեղաշարժ կատարելով՝ ելույթ ունենալ «Լադանիվա» խմբի Ժակոյի հետ։ Սա խոսում է մեր նվագախմբի ճկուն և ժամանակակից լինելու մասին»,- ասաց Վիրաբյանը։

Նա հավելեց, որ սիմֆոնիկ նվագախումբը շատ ավելի շուտ էր հասկացել, թե ինչ է պետք լսարանին, հատկապես երիտասարդությանը, հետևաբար իրականացված ծրագրերով գնաց և այսօր էլ գնում է այն ուղով, որով ընթանում են մեծ կոլեկտիվները։

«Այդ մշակույթը Հայաստան բերեց սիմֆոնիկ նվագախումբը և հիմա այդ մշակույթը լավագույնս գնահատում են բոլորը, ինչը շատ ողջունելի է։ Համերգային դահլիճները լեփ-լեցուն են, այդ համերգներին զուգահեռ՝ մարդիկ կապվում են նվագախմբի հետ ու հաճախում այլ ուղղվածության համերգների՝ առանց ժանրային կանոնների շեղման։ Մենք գալիք՝ 21-րդ համերգաշրջանում ունենք բավականին հետաքրքիր նախաձեռնություններ։ Կոլեկտիվն իր առջև խնդիր է դրել ոչ միայն ելույթներ ունենալ Հայաստանում, այլև արտերկրում, մանավանդ որ սիմֆոնիկ նվագախումբը պահանջված է հատկապես հայկական սփյուռքում»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը նույնպես մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում և կարող է ղեկավարել մոլորակի լավագույն նվագախմբերը։

«Ունենք նաև փայլուն արտիստներ, որոնք հիշարժան համերգներով ելույթ են ունենում աշխարհահռչակ բեմերում՝ ներկայացնելով դասական արվեստի հանրահայտ նմուշները։ Նրանցից են Գևորգ Հակոբյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Ջուլիանա Գրիգորյանը և այլոք։ Սա այն ոսկե երիտասարդությունն է, որը կարողանում է աշխարհին ներկայացնել հայ դասական երաժշտությունը։ 21-րդ համերգաշրջանին առնչվող ծրագրերը շատ են, նվագախումբն առանձնանում է իր կրթական բաղադրիչով և մեծ կարևորություն է տալիս երաժշտական դպրոցների սաներին՝ նրանց օգնելով հարաբերվել դասական երաժշտության հետ։ Թեև մարզային հյուրախաղերն այդքան շատ չեն, սակայն կփորձենք 2027 թվականին այդ բացը լրացնել։ Պատրաստել ենք մեծ ծրագիրը, որը մեր մարզային մշակութային կյանքը զգալիորեն կակտիվացնի»,- ասաց Վիրաբյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա գլխավոր միջոցառումը նվիրված է լինելու ՀՀ անկախության հերթական տարեդարձին։ Հանրապետության հրապարակում կկազմակերպվի մեծ համերգ, որին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու «Կարեն Սևակ» բենդը։ Մյուս կարևոր միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Վանաձորում, որտեղ կկայանա սիմֆոնիկ և ֆոլկ երաժշտության համերգ, ինչը սիմֆոնիկ նվագախմբի գրեթե ամենասիրված ծրագրերից մեկն է։

«Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը մեր մշակութային կյանքում ամենալավ բաներից մեկն է, որը տեղի է ունեցել մեզ հետ վերջին քսանամյակում։ Համոզված եմ, որ ունենալու ենք բավականին լավ համերգաշրջան»,- եզրափակեց Վիրաբյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ նախորդ համերգաշրջանով փաստվեց այն իրողությունը, որ հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում, ինչը մեծ ձեռքբերում է սիմֆոնիկ նվագախմբի համար։

«Մեր բոլոր մեծ նախաձեռնությունների իրականացման համար կունենանք ԿԳՄՍ նախարարության աջակցությունը, հետևաբար այդ առումով մեծապես գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը։ 21-րդ համերգաշրջանի ընթացքում Երևան կժամանեն աշխարհահռչակ մենակատարներ։ Նրանց հետևում է ամբողջ աշխարհը։ Մեր նվագախումբն ունի բազմաժանրային հնարավորություններ, բայց նախևառաջ դասական աստղերին հրավիրելով Հայաստան՝ մենք ավելի ենք կարևորում մեր երկրի դերը համաշխարհային մշակութային քարտեզի վրա։ Մենք ունենք ևս մեկ կարևոր առաքելություն՝ արժանապատվորեն ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունն արտասահմանում։ Այդ տեսանկյունից պլանավորել ենք կարևոր հյուրախաղեր»,- նշեց Սմբատյանը։

Բանախոսները հայտնեցին այն աշխարհահռչակ մենակատարների անունները, որոնք  ընթացիկ տարում այցելելու են Հայաստան, թեև նրանցից ոմանք նախկինում առիթ ունեցել են մեր սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալ երևանյան բեմում։ Նրանց թվում են Բեհզոդ Աբդուրահիմովը (դաշնամուր), Բրյուս Լիուն (դաշնամուր), Նոա Բենդիքսը (ջութակ), Դեյվիդ Քարփենթերը (ալտ), Սերգեյ Նակարյակովը (շեփոր), Պաբլո Վիլեգասը (կիթառ), Ալեքսանդր Մալոֆեեվը (դաշնամուր), Թիմոթի Ռիդաութը (ալտ), Ալիս Սառա-Օսը (դաշնամուր), Գայ Ջոնսոնը (ջութակ), Կամիլ Թոման (թավջութակ)։    

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում