Մշակույթ

Freedom Broker Armenia-ի շնորհիվ հնարավոր է դառնում միջազգային ճանաչում բերել Խաչատրյանի անվան փառատոնին

4 րոպեի ընթերցում

Freedom Broker Armenia-ի շնորհիվ հնարավոր է դառնում միջազգային ճանաչում բերել Խաչատրյանի անվան փառատոնին

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակել է Խաչատրյանի անվան փառատոնով՝ մեծ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին։ Փառատոնը, հետևելով իր առաքելությանը, Երևանում համախմբել էր անվանի երաժիշտների, որոնց թվում էին թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը և այլք։ Համերգները ղեկավարեցին Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը և Բոյան Սուդիչը։

Խաչատրյանի անվան փառատոնին միջազգային ճանաչում ձեռք բերելու և առավել մեծ նպատակներ սահմանելու գործում աջակցել է ռազմավարական հովանավոր Freedom Broker Armenia ընկերությունը, որի համար ռազմավարական առաջնահերթություն է՝ լինել «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողքին։

««Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը գիտակցված և ռազմավարական քայլ է․ դրա նպատակը մշակույթի և բիզնեսի միջև կամուրջ ստեղծելն է։

Հայաստանի ապագան չի կարող ձևավորվել միայն տնտեսական աճով․ դրա համար պահանջվում են ներդրումներ կրթության, մշակույթի և ինքնության վերաիմաստավորման մեջ։ Իսկ իրական զարգացումն այն կետում է, որտեղ ֆինանսական հաջողությունն ու մշակութային առաքելությունը համընկնում են», - ասել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Համերգային նախագծերից զատ, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ռազմավարական հովանավոր Freedom Broker Armenia ընկերության համագործակցության շնորհիվ երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն ունեցան վարպետության դասեր ստանալ և համատեղ համերգով հանդես գալ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հետ։

«Ուրախ ենք, որ կարողացանք աջակցել երիտասարդ վոկալիստներին, որոնց համար չափազանց կարևոր էր բացառիկ հանդիպում ունենալ և վարպետության դասեր անցնել Ջանլուկայի Մարչիանոյի հետ, որն, ի դեպ, եզրափակվեց համատեղ յուրօրինակ համերգով։ Հուսով ենք, որ դա մեծապես կնպաստի նրանց կարիերայի հետագա աճին և լուրջ ազդեցություն կունենա մասնագիտական որակների կատարելագործման տեսանկյունից։ Կարծում եմ, որ այս գործընթացը շարունակական կլինի, և այն երիտասարդները, որ հնարավորություն չեն ունեցել մասնակցել նման վարպետության դասի, հետագայում կունենան այդ հնարավորությունը, քանի որ ստացել էինք 50-ից ավելի դիմումներ, - նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Փառատոնը 2013 թվականին հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի:

Սերգեյ Սմբատյանը կարևորում է այն աջակցությունը, որն ուղղված է դասական երաժշտության զարգացմանը և հատկապես Խաչատրյանի անվան փառատոնին։ Նրա համոզմամբ՝ Freedom Broker Armenia-ի ներգրավվածությունը փառատոնին թույլ է տալիս ընդլայնել տեսլականը և ստեղծել ավելի մեծ հնարավորություններ հանրահռչակելու մեծ կոմպոզիտորի ժառանգությունն ամբողջ աշխարհում։

«Freedom Broker Armenia-ի և «Արամ Խաչատրյան» հիմնադրամի համատեղ աշխատանքը մեծ ոգևորություն է հաղորդում բոլորիս։ Այն մեզ հնարավորություն է տալիս ավելի համարձակ նախագծեր պլանավորել և Հայաստանում կազմակերպել փառատոն, որը ոչ միայն միջազգային մակարդակին կհամապատասխանի, այլև կդառնա միջազգային լուրջ հարթակ Խաչատրյանի ժառանգությունը հանրահռչակելու գործում։ Արվեստը միայն գաղափար չէ․ այն պահանջում է մարդկանց ու թիմեր, որոնք կկիսեն այդ հավատը և պատրաստ են ներդրում անել»,– նշել է մաեստրոն։

Փառատոնն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ փառատոնի գլխավոր գործընկերն էր Երևանի քաղաքապետարանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում