Հայաստան

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է PMCG (Policy and Management Consulting Group) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է արվել PMCG-ի Linkedin-ի էջում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գրիգորյանը PMCG-ին է միացել պետական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում ունեցած երկարամյա փորձով։

Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ ներգրավված լինելով ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերում, միջգերատեսչական համակարգման, ինչպես նաև բարձր մակարդակի միջազգային բանակցությունների և ռազմավարական երկխոսությունների գործընթացներում։

PMCG-ն նշում է, որ Գրիգորյանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը Հարավային Կովկասի համար կարևորագույն հարցերի շուրջ աշխատանքն է եղել՝ ներառյալ երկխոսությունը, բանակցությունները, տարածաշրջանային անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումն ու խաղաղության և կայունության խթանումը։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տարածքով կապակցվածությունը և նպաստել տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում