Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը մեկնարկում է համաշխարհային պրեմիերայով
3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է իր 101-րդ համերգաշրջանը։ Համերգաշրջանի հանդիսավոր բացմանը սպասվում է համաշխարհային պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոու՝ Khachaturian Rooftop-ում:
«Սեպտեմբերի 10-ին ժամը 21:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ տանիքում կթևածի բոլոր ժամանակների ազատության խորհրդանիշ՝ Սպարտակի ըմբոստ ոգին, կդղրդան հռոմեական անողոք մարտակառքերի անիվները և կհյուսվեն Սպարտակի ու Ֆրիգիայի սիրո ու նվիրումի մեղեդիները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ բալետի երաժշտության կենդանի կատարմանը զուգահեռ համերգասրահի տանիքում տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվի «Սպարտակ» բալետի սյուժեով հատուկ այս նախագծի համար ստեղծված ֆիլմն՝ արհեստական բանականությամբ ստեղծված սինեմատիկ վիզուալ լեզվով, որն իրենից պատմական բլոքբաթեր է ներկայացնում:
Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Բաղդասարյանը՝ DJAN AI Studio-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ՀՀ կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահը:
Անդրադառնալով նախագծին՝ մաեստրո Թոփչյանը նշել է.
«Արամ Խաչատրյանի «Սպարտակը» մեր ինքնության, մարդու ազատատենչ ոգու և երաժշտական մտքի ամենահզոր արտահայտություններից մեկն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար միշտ մեծ պատասխանատվություն ու հպարտություն է հնչեցնել այս հանճարեղ ստեղծագործությունը, սակայն այս նախագիծն իսկապես բացառիկ է: Դասական երաժշտությունը կարող է և անհրաժեշտ է, որ քայլի ժամանակին համընթաց: Կենդանի նվագախմբային հնչողության և ժամանակակից արհեստական բանականության ընձեռած վիզուալ հնարավորությունների այս համադրումը բոլորովին նոր իրականություն է ստեղծում: Սա պարզապես համերգ չէ, այլ զգայարանների վրա ազդող տպավորիչ ներկայացում է: Ուրախ եմ, որ New Generation Project-ի ու DJAN AI Studio-ի հետ միասին այս համարձակ նորարարությունն իրագործում ենք հենց Khachaturian Rooftop-ի բացօթյա, տրամադրող միջավայրում: Վստահ եմ՝ մեր ունկնդիրն այս սինեմատիկ ձևաչափի շնորհիվ «Սպարտակը» կբացահայտի միանգամայն նոր ու անսպասելի տեսանկյունից»։
Համերգաշրջանի նշանակալից իրադարձություններից են Երևանյան 18-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Փառատոնի կմեկնարկը կտրվի սեպտեմբերի 18-ին՝ հռչակավոր դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեի (Ֆրանսիա) և դիրիժոր Կիրիլ Կարաբիցի (Մեծ Բրիտանիա, Ուկրաինա) մասնակցությամբ համերգով:
Կհնչեն Ավետ Տերտերյանի, Յան Սիբելիուսի, Ռավելի և Միրոսլավ Սկորիկի գլուխգործոցները: Փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա նոյեմբերի 14-ին՝ լեգենդար Գրիգորի Սոկոլովի մենահամերգով: