Մշակույթ

Հայաստանի այցեքարտն՝ աշխարհում. Ֆիլհարմոնիկ նվագախումբը 100-րդ համերգաշրջանը կմեկնարկի սպասված փառատոնով

9 րոպեի ընթերցում

Հայաստանի այցեքարտն՝ աշխարհում. Ֆիլհարմոնիկ նվագախումբը 100-րդ համերգաշրջանը կմեկնարկի սպասված փառատոնով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ սեպտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի 100-րդ հոբելյանական համերգաշրջանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին որպես մենակատար հանդես կգա  համաշխարհային բեմերը նվաճած ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Համերգը կղեկավարի ֆինլանդացի ճանաչված դիրիժոր Պիետարի Ինկինենին։ Կհնչեն հանճարեղ գլուխգործոցներ՝ Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:

Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը մեկդարյա պատմություն ունեցող նվագախմբի մասին խոսելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրեց, որ 1925 թվականին, երբ աշխարհում աշխարհաքաղաքական խճճված իրավիճակ էր, Երևանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանն ու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը Հայաստանում հիմնադրեցին նվագախումբը։ 

«Բարդագույն ժամանակաշրջանում նվագախումբը սկսեց ծավալել բեղուն գործունեություն և մինչ օրս շարունակում է Հայաստանի կատարողական արվեստը ներկայացնել աշխարհում և այցեքարտ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այն ուղղակի միավոր չէ, դպրոց է, կրթական կենտրոն է»,-ասաց փոխնախարարն ու ընդգծեց՝ նվագախումբը ղեկավարել են ականավոր դիրիժորներ Օհան Դուրյանը, Դավիթ Խանջյանը, Լորիս Ճգնավորյանը և այլք։ Արդեն 25 տարի այն ղեկավարում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։

Ըստ Դանիելյանի՝ նվագախումբը բարձր նշաձող է սահմանել, գեղագիտություն է թելադրում, պահպանում և հանրահռչակում է հայ մշակույթը։

Նա կարևորեց այն փաստը, որ Ֆիլհարմոնիկը մշտապես հյուրընկալում է աշխարհում հեղինակություն վայելող հայ և օտարազգի մենակատարների, որոնցից է Սերգեյ Խաչատրյանը: Այն համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում։

«Այս տարվա հյուրախաղերի, մարզային համերգների, վերաբրենդավորման և այլ միջոցառումների կապակցությամբ ՀՀ կառավարությունն, ի դեմս նախարարության, նվագախմբին հատկացրել է հավելյալ 434 մլն դրամ: Լուսային, ձայնային և այլ տեխնիկա, ինչպես նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի շինարարական աշխատանքների համար հավելյալ տրամադրել է նաև 645 մլն դրամ»,-տեղեկացրեց նա։

Էդուարդ Թոփչյանն էլ խոստովանեց՝ երբ ստանձնել է նվագախմբի ղեկավարումը, մտքով չի անցել, որ այդքան երկար ճանապարհ կանցնի Ֆիլհարմոնիկի հետ։ 

«Երբ եկա, շատ երիտասարդ էի, մտածում էի՝ կզարգացնեմ նվագացանկը, փորձառություն ձեռք կբերեմ և կգնամ։ Չեմ փոշմանում, որ այսպես է ստացվել։ Մենք միշտ դժվարությունների միջով անցել ենք և անցնում ենք, բայց ունենք նաև ձեռքբերումներ, որոնցից ամենակարևորն ինձ համար նվագախմբի մակարդակն է։ Մեզ հաջողվել է բարձրացնել նվագախմբի երաժշտական մակարդակը։ Ոչ մի բանում այժմ վստահ չեմ. երբեմն տեսնում եմ, որ մարդիկ վատ են նվագում, բայց նրանցից շատ գոհ են: Մտածում եմ՝ գուցե ես էլ չեմ զգում, թե ինչ է կատարվում։ Դժվար է վստահ խոսել արվեստի մասին, որովհետև միշտ ավելի լավը կա և միշտ պետք է ավելիին ձգտել»,-շեշտեց դիրիժորը։

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Թոփչյանն ասաց՝ ջութակի և այլ երաժշտական գործիքների դպրոցի կարիք կա։ Մտածում են վերականգնել այդ դպրոցը կամ ստեղծել այն։ 

«Ջութակի դպրոցը պետք է բարելավել, դիրիժորական դպրոց պետք է ստեղծել։ Նախարարության հետ համագործակցությամբ ցանկանում ենք ստեղծել նվագախումբ, որը պետք է դարբնոց դառնա երիտասարդ երաժիշտների և դիրիժորներ համար։ Մենք ընդունակություններ և տաղանդ ունենք, և ես վստահ եմ, որ ճիշտ դաստիարակության դեպքում հայերն իրենց ուժով, ընկալելու ունակությամբ կարող են  շատ բանի հասնել»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը։

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Գերմանիայի Դետրոյթ քաղաքի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանը մինչ հոբելյանական համերգը լսումներով այցելել են Հայաստանի մարզեր։ Խաչատրյանն էլ, Էդուարդ Թոփչյանի պես, կարծում է, որ երիտասարդ երաժիշտները մեծ պոտենցիալ ունեն։ 

«Մենք ցանկանում էինք իմանալ, թե Հայաստանի երաժշտական դպրոցների սաներն ինչ ունակություններ ունեն։ Ըստ իս՝ երաժշտական ոլորտում հնարավոր է արմատական փոփոխություն անել՝ սկսելով երաժշտական դպրոցներից։ Շատ հուզիչ էր հանդիպումը երեխաների հետ, որովհետև տեսնում եմ, որ պատրաստ են պարապել 4-5 ժամ։ Պետք է անել հնարավորը, որ նրանք կարողանան ճիշտ կրթություն ստանալ»,-շեշտեց ջութակահարը։

Խաչատրյանը տասը տարեկան է եղել, երբ ծանոթացել է Էդուարդ Թոփչյանի հետ։ Այդ տարիներին Թոփչյանը ջութակ է նվագել։ Գերմանիայում միասին կատարել են Բախի կրկնակի կոնցերտը։ 

«Միասին մեծ ճանապարհ ենք անցել։ Ամեն անգամ այստեղ գալն ու նվագախմբի, Թոփչյանի հետ աշխատելն ինձ համար մեծ հաճույք է։ Հույս ունեմ, որ մի հարյուր տարի էլ այդպես կաշխատենք»,-եզրափակեց երաժիշտը։

Նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը Ֆիլհարմոնիկը մշակութային բարձր արժեք է համարում, որի կողքին պետք է կանգնել ու նպաստել առաջընթացին։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և կարևորեց փառատոնի անցկացումը՝ նշելով, որ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկն է, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):

Փառատոնի կարևոր համերգներից են սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության օրվան նվիրված համերգը, որտեղ որպես մենակատարներ հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանն ու սիրված դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Մեր ժամանակների լավագույն տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ շքեղ գալա համերգը, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նույնպես փառատոնի կուլմինացիոն կետերից է:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, «Բորոդին» քառյակի ելույթով կնշվի քառյակի 80-ամյակը, կկայանա մեր ժամանակների ամենախորը մտածող ու հոգևոր հարուստ ներաշխարհով կոմպոզիտորներից մեկի` Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված հեղինակային համերգ` անվանի երաժիշտներ ջութակահար Անուշ Նիկողոսյանի և Հայկ Մելիքյանի մասնակցությամբ և հռչակավոր դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ: Փառատոնի փակման համերգը կնշանավորվի մեկ այլ հայազգի վիրտուզի՝ դաշնակահար Եվա Գևորգյանի ելույթով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 

Կարևոր իրադարձություն է նաև Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ի համաշխարհային պրեմիերան։ Կոմպոզիտորն այն գրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ: Երկանյանի խոսքով՝ նվագախումբը կարևորագույն մշակութային ու քաղաքակրթական ձեռքբերում է հայ ազգի համար, և ամեն երկիր չէ, որ 100-այմա նվագախումբ ունի, այն էլ այսպիսի բարձր մակարդակի: Նա նպատակ է ունեցել այս սիմֆոնիկ «Ձոն»-ի միջոցով փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որն ապրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանի առթիվ:

Բազմազան է նաև փառատոնի ծրագիրը. կհնչեն Մալերի, Ռիմսկի-Կարսալովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Բարտոկի, Բրիտենի,  Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այն անցկացվելու է մինչև նոյեմբերի 2-ը և նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունն է։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում