Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը
2 րոպեի ընթերցում

Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին հայտնել է, որ Բարամիձեին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության համար։
Գործը հարուցվել է Բարամիձեի այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնչել են «Վրաստանի ծնունդը» հեռուստահաղորդման ընթացքում։ Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ հարցազրույցի ընթացքում 58-ամյա քաղաքական գործիչը նշել է, որ Աբխազիայում 1992–1993 թվականների պատերազմի սկզբում վրացի զինվորները գերիներ չեն վերցրել, այլ տեղում գնդակահարել են նրանց, ինչի հետևանքով, ի տարբերություն աբխազական կողմի, վրացական կողմը փոխանակման համար նախատեսված գերիներ չի ունեցել։
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ որևէ ապացույց չի հայտնաբերել՝ հիմնավորելու այն պնդումները, թե վրացական բանակը գնդակահարել է ռազմագերիներին։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ Բարամիձեի հայտարարությունները կրում են միտումնավոր գաղափարական և քարոզչական բնույթ և ծառայում են Վրաստանի պետական ու ազգային շահերի, արտաքին անվտանգության, պաշտպանական կարողությունների և պետական ինստիտուտների խարխլմանը։