Հայաստան

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

4 րոպեի ընթերցում

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Երևանի կոնյակի գործարանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ARARAT թանգարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համատեղելով իրենց փորձն ու ներուժը կրթության, ստեղծարարության, նորարարության և հայկական մշակութային ժառանգության զարգացման ու միջազգային ներկայացման ուղղություններում։ 

Համագործակցության առանցքում Հայաստանում ստեղծարար մտածողությունը խթանելու և նորարարական միջավայր ձևավորելու   ընդհանուր տեսլականն է։

Հուշագիրը հատուկ անդրադարձ է կատարում նաև Թումոյի 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնց շրջանակում ARARAT հայկական կոնյակը կունենա հատուկ ներկայացվածություն։ Այսպես, հատուկ այդ առիթի համար Երևանի կոնյակի գործարանի վարպետների կողմից ստեղծվել է ARARAT հայկական կոնյակի եզակի շիշ՝ պատրաստված Երևանի կոնյակի գործարանի մառանների լավագույն սպիրտներից։ Այն կներկայացվի որպես հատուկ աճուրդային նմուշ Թումոյի 15-ամյակին նվիրված գալա երեկոյի ընթացքում, որը օրեր անց տեղի կունենա Լոս Անջելեսոմ։ Աճուրդի նպատակն է աջակցել Թումոյի զարգացմանն ու ընդլայնմանը՝ նրա կրթական և ստեղծարար միջավայրը հասանելի դարձնելով Հայաստանի նոր համայնքների և ավելի լայն շրջանակների համար։ 

Կողմերը նախատեսում են համագործակցությունը զարգացնել նաև հետագա ստեղծարար և մշակութային նախաձեռնությունների, արվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների ու նորարարության, ինչպես նաև բարեգործական և դրամահավաք նախաձեռնությունների ուղղություններով։ 

Նշենք, որ համագործակցության համապարփակ ձևաչափը մշակվել է Երևանի կոնյակի գործարանի ալկոհոլի պատասխանատու առաջխաղացման հայեցակարգի ներքո և ապրանքանիշի ցանկացած հիշատակում կատարվելու է խստորեն պահպանելով պատասխանատու հաղորդակցության սահմանված սկզբունքներն ու չափանիշները։

«Կոնյակի ստեղծման մեջ մենք ամեն օր վարպետության ականատեսն եք։ Իսկ եթե հարցնենք, որտեղի՞ց է սերում վարպետությունը․․․ Վստահաբար այն միջավայրից, որը յուրաքանչյուրիս թույլ է տվել որոնել, փորձել, փորձարկել, սխալվել, բայց մշտապես հավատալ արդյունքի։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ գործում է մի կազմակերպություն, որը ժամանակին ստեղծեց և մինչ օրս պահպանում և ընդլայնում է նման միջավայրը։ Ես վստահ եմ, որ հայկական վարպետությունը միայն անցյալից ժառանգված արժեք չէ, այն նաև ապագան ստեղծելու մեր անօտարելի կարողությունն է։ Շատ ուրախ եմ, որ Թումոյի հետ մեր երկխոսությունն իր ներդրումը կունենա այն միջավայրի ձևավորման գործում, որտեղ նոր սերունդը ոչ միայն կբացահայտի իր ստեղծարար ներուժը, այլև կգտնի սեփական ճանապարհը դեպի վարպետություն»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ 

«Գտնվելով այսօր այս թանգարանում ևս մեկ անգամ համոզվում եմ, թե որքան կարևոր է ամեն գործի հիմքում ունենալ ձգտումը դեպի կատարելությունը։ Իսկ կատարելության հասնելու և ժառանգությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու, աշխարհին այն արտահանելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որի հիմքում վարպետությունն ու գիտելիքն են», - ամփոփում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում