Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանին

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։

Ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել էր դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել էր, որ Հայաստանի և Պակիստանի միջև 2025թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հիման վրա, երկու երկրների կառավարությունների կողմից կարևոր քաղաքական որոշում էր:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազայի ձևավորման միջոցով:

Նախարարի տեղակալը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում ՀՀ մոտեցումները:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում