Սփյուռք

Հայաստանը սփյուռքի մենթորը չէ, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանը սփյուռքի մենթորը չէ, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր մոդելը տեսնում է ոչ թե փոխադարձ մենթորության կամ օգնության, այլ Հայաստանի զարգացման օրակարգի շուրջ գործընկերության մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը որպես այդպիսի համագործակցության օրինակներ առանձնացրել է Firebird AI-ի, TUMO-ի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ COAF-ի ծրագրերը։

Անդրադառնալով «Ուժեղ սփյուռքը նշանակում է ուժեղ Հայաստան» բանաձևի շուրջ վերջին քննարկումներին՝ վարչապետը նախ հարց բարձրացրեց, թե ինչ է ենթադրվում «ուժեղ սփյուռք» ասելով։

«Ուժեղ սփյուռք ասելով, նախ՝ ի՞նչ նկատի ունենք։ Մենք նկատի ունենք՝ սփյուռքահայության թիվը պետք է մեծանա՞։ Սփյուռքահայության մեծացման պարագայում դժվար է պատկերացնել՝ ոնց կարող է Հայաստանը ուժեղանալ, որովհետև սփյուռքահայերի թիվը կարող է ավելանալ միայն Հայաստանից արտագաղթի հետևանքով։ Բայց մեր քաղաքականությունը ներգաղթն է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներգաղթի քաղաքականությունն արդեն արդյունքներ է տալիս, և հավանականություն կա, որ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ արտագաղթի փոխարեն ներգաղթային միտում կարձանագրի։

Փաշինյանը Հայաստան-սփյուռք հարաբերություններում նախկինում եղած խնդիրների մի մասը կապեց նաև պետության և միջազգային հարաբերությունների բնույթի ոչ լիարժեք ընկալման հետ։

«Սփյուռք որ ասում ենք, հաճախ մոռանում ենք, որ դա ուրիշ երկրի մասին է խոսքը։ Երբ ասում ենք, որ մենք այնտեղ սա կանենք, նա կանենք՝ մոռանում ենք, որ դա ուրիշ երկրի տարածքի մասին է խոսքը։ Այդ երկրի համար ընդունելի՞ է, որ այլ երկրի կառավարություն գնա և ծրագրեր իրականացնի, կառավարի պրոցեսներ։ Դա պետություն և միջազգային հարաբերություններ հասկացության մասին մեր թերիմացության հետևանքն է»,- ասաց վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ նման ընկալումը կարող է նաև հարաբերություններում լարվածության հիմք ստեղծել։

«Հայաստանը սփյուռքի մենթորը չէ, չպիտի լինի և չի կարող լինել։ Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը խոսեց նաև սփյուռքի՝ Հայաստանի և այլ պետությունների հարաբերություններում ունեցած ազդեցության մասին՝ նշելով, որ այդ ազդեցությունը կարող է լինել երկկողմ։

«Մեզ թվում է, թե սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց հակառակն էլ կա, և մենք վերջերս տեսանք դա։ Սփյուռքն է այդ երկրի համար ազդեցության միջոց դառնում Հայաստանի վրա»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով սփյուռքի տնտեսական աջակցության նախկին ձևերին՝ վարչապետը կրկին հիշատակեց Հայաստան ուղարկվող օգտագործված ապրանքների թեման։

«Մենք «second hand» ապրանքների կարիք չունենք։ Եվ այս էջը պետք է փակել։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք գնահատում այն ժամանակները, երբ այդ թվում «second hand» հագուստի կարիք ունեինք, և սփյուռքը մեզ դա է մատակարարել։ Մենք անշնորհակալ չենք և դա գնահատում ենք։ Ժամանակ է եղել՝ սոյայի կարիք էլ ենք ունեցել, «second hand» հագուստի կարիք էլ ենք ունեցել։ Իմ ասածն այն է, որ որակական փոփոխություն պետք է տեղի ունենա»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս ցանկալի մոդելը զարգացման ծրագրերում մասնակցությունն է։

«Հայաստան-սփյուռք հարաբերություններն ինձ համար Firebird-ի նախագիծն է։ Բայց Firebird-ից առաջ մենք TUMO ունենք։ Ինձ համար Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամենակարևոր կետերից մեկը TUMO-ն է։ Կամ COAF հիմնադրամի գործունեությունը Հայաստանում։ Հայաստանի զարգացման մեջ արդեն իսկ շատ մեծ և շատ կարևոր ներդրում ունեն երկու կազմակերպություններն էլ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը պատրաստ է խորը համագործակցության այն նախաձեռնությունների հետ, որոնք համընկնում են Հայաստանի պետական օրակարգին և Կառավարության ռազմավարությանը։

«Մենք այդպես ենք պատկերացնում մեր հարաբերությունները սփյուռքի հետ՝ որպես զարգացման օրակարգ։ Մենք շնորհակալ ենք և բարձր ենք գնահատում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք առաջինը Հայաստանի պետական օրակարգի հետ են համընկնում և Կառավարության ռազմավարության հետ են համընկնում։ Մենք շատ խորը համագործակցություն ունենք և շնորհակալության մեծ զգացում ունենք այդ կազմակերպությունների նկատմամբ»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում