Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից
2 րոպեի ընթերցում

Ստամբուլի հայկական վարժարանները այսուհետ ևս կշարունակեն հարկի տակ ընդունել հայաստանցի ընտանիքների երեխաներին, ովքեր Թուրքիայում կրթություն կստանան «հյուր-աշակերտի» կարգավիճակով։ Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն, ով թեմայի վերաբերյալ խոսել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։
Մասնավորապես, Սըվաջըօղլուն փոխանցել է նախարարի խոսքն այն մասին, որ «հայկական համայնքին պատկանող վարժարաններում սովորող հյուր-աշակերտների վերաբերյալ որևէ նոր կարգավորում չկա»։ Այսինքն, Հայաստանից արտագաղթած ու Թուրքիայում աշխատելու կամ բնակության իրավունք ստացած ընտանիքների երեխաները կարողանալու են բնականոն կերպով շարունակել կրթվել տեղի հայկական դպրոցներում։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ պոլսահայ համայնքում քննարկվում էր լուրն այն մասին, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը նոր հրահանգ է իջեցրել, համաձայն որի արգելվում էր հայաստանցի երեխաներին կրթվել տեղի հայկական դպրոցներում։ Փոխարենը, ըստ լուրերի, հայտարարվել էր, որ այդ երեխաները պետք է հաճախեն թուրքական պետական դպրոցներ։
Թեման քննարկվել էր նաև Թուրքիայի հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միության օգոստոսի 24-ին խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել էին ինչպես Սըվաջըօղլուն, այնպես էլ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայկական վարժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։