Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում իրականացվում է «Կորսված Կիև» պատմալուսավորչական նախագիծը, որի շրջանակներում Պոդոլ թաղամասում հայտնվել են նոր տեղեկատվական ցուցանակներ: Դրանք նշում են հնամենի հայկական թաղամասի պատմական սահմանները (XIV–XVII դդ.) և հայկական Սուրբ Աստվածածնի եկեղեցու տեղադիրքը:

«Նույնիսկ ծանր պատերազմական ժամանակներում Ուկրաինայի մայրաքաղաքը ռեսուրսներ է գտնում պատմական հիշողության պահպանման համար և քաղաքը դարեր շարունակ բնակեցրած ու դրա մշակույթը կերտած ժողովուրդների ժառանգության հանդեպ խորին հարգանքի տպավորիչ օրինակ է ցուցադրում: Այս նախագծի իրականացումն ընդգծում է, որ հոգատարությունը Կիևի բազմամշակութային անցյալի և դրա զարգացման գործում հայ համայնքի ունեցած ավանդի նկատմամբ մնում է կարևոր առաջնահերթություն»,- գրում է կայքը:

Ծրագրի նախաձեռնողներն են Կիևի քաղաքային պետական վարչակազմի մշակութային ժառանգության պահպանության դեպարտամենտը, «Հին Կիև» պետական պատմաճարտարապետական արգելոցը, Հնագիտական առարկաների կոնսերվացման կենտրոնը և «Ուկրաինա Ինկոգնիտա» հասարակական կազմակերպությունը: Ավելի վաղ նախագծի շրջանակներում Պոդոլում արդեն նշվել էին կորսված այլ սրբավայրեր՝ Բրատսկի վանքի Աստվածահայտնության տաճարը Կոնտրակտովայա հրապարակում և Հարության եկեղեցին Խորիվա նրբանցքում։