Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանի՝ երբևէ գրանցած ամենաբարձր ցուցանիշը․ տարին կամփոփվի 5 մլն- ից ավելի ուղևորահոսքով

Հայաստանի՝ երբևէ գրանցած ամենաբարձր ցուցանիշը․ տարին կամփոփվի 5 մլն-
ից ավելի ուղևորահոսքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է ուղևորահոսքերի ու ավիաթռիչքների զգալի ակտիվացում։ Ուղևորահոսքի առումով Հայաստանում բարձր ցուցանիշ  էր գրանցվել 2019 թվականին՝ մոտ 3 մլն ուղևորահոսք։ 2020 թվականին, կորոնավիրուսով պայմանավորված, անկում էր եղել, 2021 թվականը վերականգնման շրջան էր, 2022 թվականին եղել է 3,7 մլն ուղևորահոսք։ 2023 թվականի 10 ամիսներին՝ հոկտեմբերի 31-ը ներառյալ, գրանցվել է  4,7 մլն ուղևորահոսք։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կանխատեսումներով՝ ակնկալվում է, որ տարվա վերջում 5 մլն-ից ավելի ուղևորահոսք կլինի։ Սա Հայաստանի՝ երբևէ գրանցած ամենաբարձր ցուցանիշն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նման ակտիվությունը պայմանավորում է մի քանի հանգամանքներով։ 

«Վերջին երկու տարիներին բավական ինտենսիվ աճ ունենք թե՛ ավիաընկերությունների թռիչքների, թե՛ ուղևորահոսքի հետ կապված։ Դա ունի մի քանի պատճառ։ Առաջինը պայմանավորված է հետքովիդյան ժամանակաշրջանում մարդկանց ճամփորդելու մեծ ցանկությամբ։ Մյուս պատճառը մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է։ Մասնավորապես, ռուս-ուկրաինական խնդրով պայմանավորված՝ բավական մեծ ուղևորահոսք կա․ մի շարք ավիաընկերություններ այդ երկրներից իջել են դեպի հարավ, այդ թվում՝ Հայաստան։ Այս համատեքստում մենք բնականոն հաբ ենք դարձել։ Այսինքն, Հայաստանը ոչ միայն դիտարկվում է որպես առանձին ուղղություն, այլև հարթակ այլ երկրներ գնալու համար»,-ասաց ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը։ 

DSC02291.jpg (569 KB)

Մասնագետի պարզաբանմամբ՝ այդ համատեքստում հիմնական հաբն այն է, երբ տվյալ երկրի սեփական ավիաընկերություններն են ուղևորահոսքը կառավարում։ Հայաստանի դեպքում մի փոքր այլ տարբերակ է։ Հայկական որոշ ավիաընկերություններ, իհարկե, որոշ չափով այդ դերը ստանձնել են, բայց նաև շատ են այն դեպքերը, երբ, օրինակ, ռուսական ուղղություններից քաղաքացիները գալիս են Երևան և այստեղից այլ ավիաընկերության միջոցով մեկնում են դեպի եվրոպական երկրներ, որոնք այս պահին ռուսական ավիաընկերությունների համար փակ են։

Արտաքին նպաստավոր գործոններից բացի, ուղևորահոսքերի ակտիվացմանը նպաստում է նաև Հայաստանի կողմից ավիաընկերություններին ուղղված գործիքակազմի մշակումը։ Մասնավորապես, նոր ուղղությունների համար արտոնություններ են սահմանվում օդի տուրքի, նավիգացիոն տարբեր ծառայությունների հետ կապված։

DSC02280.jpg (554 KB)

«Ուղևորահոսքի ակտիվացմանը նպաստող գործոն է հայկական ավիաընկերությունների ակտիվ գործունեությունը։ Հայաստանի պատմության ընթացքում երբևիցե չի եղել, որ 6 հայկական օդային փոխադրող թռիչքներ իրականացնեն Երևանից։  Իրենք նույնպես նպաստում են ուղևորահոսքի ձևավորմանը։ Եվ դաշտում առկա մրցակցային պայմանները բերում են նաև տոմսերի գների իջեցման»,-ասաց Ստեփան Փայասլյանը։

Այս տարի 7 նոր ավիաընկերություն է մուտք գործել Հայաստանի շուկա, սակայն, Ստեփան Փայասլյանը նկատեց, որ դա դինամիկ ու փոփոխվող պրոցես է։ Նրա խոսքով՝ ավիաընկերությունները մտնում են շուկա որոշ ժամանակ հետո կարող են դուրս գալ կամ ժամանակավոր դադարեցնել՝ ելնելով իրենց բիզնեսի նպատակահարմարությունից։ Այսօր առկա են թռիչքներ Հռոմ, Միլան, Վենետիկ, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Փարիզ,  Լիոն և այլն։ Նա նշեց, որ ռուսական ուղղությունն է ակտիվ աշխատում։ Հատկապես հայկական ավիաընկերությունները դեպի Ռուսաստան ուղղությունը դիվերսիֆիկացնում են՝ ներառելով ռուսական տարբեր քաղաքներ։ Նկատվում է հետաքրքրության աճ Երևանից դեպի այլ տարածաշրջան։ Առաջին անգամ գործարկվել է Շրի Լանկա- Երևան ուղիղ չվերթը։ Հայկական ավիաընկերությունների ուշադրության առանցքում Հնդկաստանն է, Չինաստան, Տաջիկստան, Թուրքմենստանը և այլն։

DSC02294.jpg (336 KB)

Թե կոնկրետ որ ընկերությունները որ ուղղություններով թռիչքներ կգործարկեն առաջիկայում, Ստեփան Փայասլյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց՝ այս պահին հայտնի է, որ 2024 թվականի գարնանը Eurowings-ը գործարկելու է Բեռլին-Երևան չվերթը։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան
Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am