ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել ուսումնասիրություն հուլիսի 26-ին համացանցում հրապարակված տեսանյութի առնչությամբ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
«Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:
Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանները ձերբակալել են Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին։