ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:
«Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվում են ըստ իրավասության»,– հայտնում են կառույցից՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ, հոկտեմբերի 3-ին այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ տեղում ուսումնասիրելու հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։