Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը
8 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում պաշտոնական բացման արարողությամբ տրվեց Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումի մեկնարկը։
Ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 250 պատվիրակներ 38 երկրներից՝ միջազգային դիստրիբյուտորների, ներմուծողների, մանրածախ առևտրի ցանցերի և գնորդների, ինչպես նաև հայկական սննդամթերք, թարմ միրգ, բանջարեղեն, խմիչք արտադրող ընկերությունների հետ ուղիղ գործարար կապեր հաստատելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ֆորումի բազմաթիվ մասնակիցների ներկայությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը գնալով ավելի ակտիվորեն է ներկայանում միջազգային գործարար աշխարհում, իսկ հայկական արտադրանքը նոր շուկաներում։

«Այս ֆորումը կարևոր հարթակ է ոչ միայն հայկական արտադրանքի և մեր երկրի արտահանման ներուժի ներկայացման, այլև մարդկանց գաղափարների, գործարար հնարավորությունների միավորման համար։ Հատկապես կարևոր է, որ այս տարի ֆորումը կենտրոնացված է սննդի և խմիչքների ոլորտի վրա, քանի որ ՀՀ-ն աշխարհին կարող է առաջարկել բարձրարժեք, ինքնատիպ և մրցունակ արտադրանք։ Միջազգային գնորդների, ներմուծողների և հայկական ընկերությունների միջև առաջիկա հանդիպումները կդառնան ոչ միայն մեկանգամյա գործարար շփումների, այլև երկարաժամկետ ու փոխշահավետ գործընկերության սկիզբ»,- ասաց Հովհաննիսյանը։
Երևանի փոխքաղաքապետը նշեց, որ ՀՀ մայրաքաղաքը պատրաստ է դառնալ այդ համագործակցության հարթակը։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երկու օրից Երևանը կնշի իր 2808-ամյակը, ինչը նշանակում է, որ բազմադարյա պատմություն ունեցող մայրաքաղաքը շարունակում է ապրել, զարգանալ ու բացվել աշխարհի առջև, և խորհրդանշական է, որ հենց այս օրերին է Երևանում կայանում նման ներկայացուցչական մեծ ֆորում։
ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը նշեց, որ այս տարվա ֆորումն ունի շատ կարևոր ուղղվածություն՝ կենտրոնանալով Հայաստանի և հայկական ապրանքատեսակների համար արտասահմանյան նոր շուկաների բացահայտման վրա։

«Այսօր արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան և նոր շուկաների բացահայտումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները բազմաշերտ են ու տարբեր։ Նախ կընդգծեի վերջին մի քանի տարիների ծրագրերը, որոնք իրականացվել են կառավարության, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության գործընկերների կողմից ՀՀ-ում որակի ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի հայկական արտադրանքը ասոցացվի հենց որակի հետ։ Երկրորդը հնարավոր քաղաքական շրջանի ապահովումն է, որպեսզի մեր արտադրողները կարողանան նոր պոտենցիալ շուկաներ բացահայտել։ Հայաստանի ներդրումային խորհրդի և մյուս գործընկերների հետ աշխատել ենք մեր բիզնեսների համար ստեղծել կապեր միջազգային խոշոր ցանցերի հետ»,- ասաց Կոստանյանը։
Փոխնախարարի խոսքով՝ երրորդ կարևոր ուղղությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն են, որպեսզի հայ արտադրողների առաջին քայլերը հնարավորինս սահուն ընթանան։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլն իր ելույթում նշեց, որ հայ արտադրողներին և միջազգային գնորդներին միմյանց կապելու համար սա լավագույն պահն է։

«Բազմաթիվ միջազգային գործընկերներ են այցելում Հայաստան՝ գիտակցելով առկա հնարավորությունների իրական արժեքը։ Միացյալ Թագավորությունը հպարտ է աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու մրցունակ, բաց և բազմազան տնտեսություն, որտեղ առկա հնարավորություններն իսկապես հետաքրքիր են և խթանող։ Ներդրումային խորհրդի հետ մեր համագործակցությունը հնարավորություն է տալիս բարելավել գործարար միջավայրն ու պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ինչպես նաև աջակցել այնպիսի բարեփոխումների, որոնք ընկերություններին թույլ են տալիս իրականացնել ներդրումներ, ներդնել նորարարություններ և դուրս գալ նոր շուկաներ»,- ասաց Քոուլը։
Դիվանագետի կարծիքով՝ արտահանման դիվերսիֆիկացիան առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսական երկարաժամկետ կայունության համար, և այս թեմայի վրա կենտրոնացումը հատկապես արժեքավոր է։
«Միացյալ Թագավորությունում մենք վերջերս պայմանավորվել ենք Հայաստանի համար նախատեսված և առանց մաքսատուրքի ներկրվող ապրանքների ցանկում ավելացնել մի շարք նոր ապրանքատեսակներ։ Ուստի, կարծում եմ՝ առաջիկա օրերին արտադրողների հետ հանդիպելիս արժե հաշվի առնել, որ այդ ապրանքներից շատերը, մասնավորապես թարմ մրգերը, որոշակի տեսակի պահածոյացված մրգերը, գինին, ինչպես նաև խոտաբույսերն ու համեմունքները, ներկրվելու են առանց մաքսատուրքի»,- ասաց դեսպանը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան իր հերթին նշեց, որ իրենք նույնպես աջակցում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։

«Եվրոպական միության հետ մեր համագործակցության շրջանակում ունենք գործիքներ, որոնք կիրառում ենք առևտրային բանկերի միջոցով՝ տեղական բիզնեսներին աջակցելու համար (թե՛ խորհրդատվության, թե՛ ներդրումների տեսքով)։ Այս ամենը միտված է գործունեության դիվերսիֆիկացմանը, միջավայրի բարելավմանը և արդյունքում այնպիսի չափանիշների ապահովմանը, որոնք կբավարարեն այլ շուկաների պահանջները։ Ես իսկապես բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը և պետք է նշեմ, որ հայկական արտադրանքն իսկապես բարձրորակ է»,- ասաց Զաքարիան։
Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆորումի նպատակն է տեղական արտադրողներին հնարավորություն ընձեռել միջազգային գործընկերների հետ բանակցել ու կնքել փոխշահավետ գործարքներ։

«Այսինքն՝ ոչ միայն անցկացնենք քննարկումներ, այլև իրականացնենք համագործակցության կոնկրետ քայլեր։ Ֆորումի շրջանակում կներկայացվեն հայկական արտադրատեսակները, կլինեն այցեր տարբեր գործարաններ՝ նախանշելով հետագա փոխգործակցության եզրերը։ Ֆորումի մասնակիցների թվում կան Պարսից ծոցում, եվրոպական երկրներում ու Լատինական Ամերիկայում առևտրային ցանցերի խոշոր սեփականատերեր, որոնք կարող են հայ արտադրողներին օգնել արտահանման դիվերսիֆիկացիայի հարցում։ Նրանք ուզում են ավելի շատ տեղեկանալ, ծանոթանալ սերտիֆիկացման գործընթացին՝ հետագայում մեծ թվով ապրանքներ ներմուծելու համար»,- ասաց Պատվականյանը։
Նա հայտնեց, որ կան նախնական պայմանավորվածություններ, ուստի իրենք իրականացնելու են մոնիթորինգ՝ առաջիկա վեց ամիսների արդյունքների վերաբերյալ։
Բացման արարողությանը հաջորդեց TradeArmenia.org հարթակի ներկայացումը, ինչպես նաև երկու պանելային քննարկում՝ նվիրված ԵՄ շուկայի հասանելիության, Հայաստանի առևտրի և արտահանման հնարավորություններին։
Առաջին քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Յոհան Հեսսեն, Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը, Միջազգային առևտրի կենտրոնի ներկայացուցիչ Պիեռ Բոնթոնոն։ Իսկ երկրորդ քննարկմանը մասնակցեցին Շվեդիայի առևտրի ազգային խորհրդի, Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի, ինչպես նաև Հունաստանի և ԱՄԷ-ի գործարար շրջանակների ներկայացուցիչները։