Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։
«2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:
Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։