Հայաստան

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Երեմյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել է զեկույցում ներկայացված՝ անչափահասի նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգության և ինքնախեղման դեպքերին իրավապահների արձագանքով՝ հարցնելով, թե արդյոք դրանք ուսումնասիրվում են և արժանանալու են իրավական գնահատականի։

«Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ քրեական գործ հարուցված է, թե չէ, բայց ես գիտեմ, որ մեր իրավապահները զեկույցն ուսումնասիրում են։ Եվ վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի քրեական գործ հարուցելու առիթ, նրանք դա կանեն։ Եվ այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ զեկույցում ներկայացված տեղեկությունը հիմնված է վկայության վրա, որտեղ խոսվում է կոնկրետ անձի, ժամանակի, դեպքի և հանգամանքների մասին։ Նրա խոսքով՝ իրավապահների արձագանքի անհրաժեշտությունը բխում է ՀՀ օրենսդրությունից։

Վեպտեմբերի 24-ին վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել էր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Փաստաթղթի համաձայն՝ այն պատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ՝ բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունների հիման վրա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում