Իրավունք

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

3 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակից, տեղում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։

Պաշտպանը կարևորում է դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։ Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտարկում։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների չափանիշների պահպանումը:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը և չէր բացառել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Այդ մասին հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնել էր Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։  

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում դատարան է ներկայացվել ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի զինծառայողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում