Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

9 րոպեի ընթերցում

Ջոնի Մելիքյան
Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների հարաբերություններում այսօր կա ճգնաժամ։ Վրաստանում շուտով կայանալու են համապետական ընտրություններ, ուստի Արևմուտքի կողմից ձեռնարկվող քայլերը կարող են միտված լինել նրան, որ վրացի ընտրողների շրջանում առաջանա դժգոհության ալիք ներկայիս կառավարության հանդեպ, որպեսզի մարդիկ քվեարկեն գործող իշխանությունների դեմ, որոնց քաղաքականությունից Արևմուտքում, մեղմ ասած, դժգոհ են։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի և Արևմուտքի միջև օրըստօրե սրվող հարաբերություններին ու այդ համատեքստում, մասնավորապես, Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հայտարարությանը, ըստ որի՝ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար, հետևաբար Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը սառեցվել է:  

«Վրաստանը, ստանալով ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, պետք է իրականացներ 9 կետից բաղկացած նախապայմաններ, որպեսզի մեկնարկեին արդեն հիշյալ կառույցին անդամագրվելու հետ կապված բանակցությունները։ Արևմուտքի դժգոհությունները կապված են հենց այդ գործընթացի հետ, քանի որ նշված քայլերից մեկն այն էր, որ Վրաստանը պետք է իր քաղաքականությունը համապատասխանեցներ Բրյուսելի մոտեցումներին, սակայն Վրաստանի ներկայիս իշխանությունների զգուշավորությունն ու պրագմատիզմը, ինչը ցուցաբերվում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին, ինչպես նաև ֆինանսական որոշ հոսքերի վերաբերյալ Արևմտյան գործընկերներին և դոնոր կազմակերպություններին ուղղված քննադատությունները, որոնք Արևմուտքում արժանացան բավականին կոշտ արձագանքի, պատճառ դարձան հարաբերությունների սրման ու վատթարացման»,- ասաց Մելիքյանը։    

Վրացագետի դիտարկմամբ՝ հարևան երկրում ձևավորվել է ստատուս-քվո, որի պարագայում մի կողմից կա ճգնաժամ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, իսկ մյուս կողից բոլորը սպասելու են հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներից կախված կլինեն հետագա զարգացումները։ 

«Պարզ է, որ բոլոր դեպքերում լինում են հետընտրական գործընթացներ, բողոքի ակցիաներ։ Կարևոր է, թե ինչ վերաբերմունք կցուցաբերեն վրացական ընդդիմությունն ու արևմտյան երկրները։ Եթե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չճանաչեն արդյունքները, դրանով կաջակցեն ընդդիմությանը։ Նույնիսկ եթե գործող իշխանությունը վերընտրվի, և բողոքի ցույցերն արդյունք չտան, միևնույնն է՝ կսկսվի դեէսկալացիայի շրջան և Վրաստանը կմնա ԵՄ անդամության թեկնածու։ Այստեղ շատ կարևոր գործոն է նաև այն, թե ինչպիսի վարչակազմ կձևավորվի Միացյալ Նահանգներում նախագահական գալիք ընտրություններից հետո։ Վրաստանի կառավարությունը, գուցե, ավելի հեշտ հաղորդակցություն հաստատի հանրապետականների հետ, որպեսզի վերականգնվեն փոքրիշատե խաթարված հարաբերությունները, իսկ եթե հաղթեն դեմոկրատները, կլինի ավելի դժվար, և այդ դեպքում գործընթացները դրսի ազդեցության ներքո կարող են ստանալ տարբեր զարգացումներ»,- նշեց մեր զրուցակիցը։  

Մելիքյանն անդրադարձավ նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի՝ Վրաստան կատարելիք այցի առթիվ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությանը, որում նշված է, թե Ուզրա Զեյան Վրաստանի իշխանություններին փոխանցելու է ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունն օտարերկրյա գործակալների մասին օրենքի, ոչ լիբերալ օրենսդրության և վրացական կառավարության վնասակար հռետորաբանության վերաբերյալ, որոնց պատճառով Վրաստանի եվրաատլանտյան հետագիծը վտանգի տակ է դրվել, և Վրաստանի կառավարության ոչ ժողովրդավարական պահվածքն ու Միացյալ Նահանգների մասին ապատեղեկատվությունը վնասել են երկկողմ երկարամյա հարաբերություններին։  

«Բոլոր զարգացումների հիմքում՝ որպես հիմնական դրդապատճառ, ընկալվում է արտասահմանյան գործակալների մասին օրենքի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից, սակայն խնդիրն ունի ավելի գլոբալ բնույթ։ Թբիլիսին բողոքում է արևմտյան գործընկերների կողմից հատկացվող ֆինանսական հոսքերի ուղղվածությունից, որոնք ասոցացվում են դրանցից օգտվող ընդդիմադիր ՀԿ-ների գործունեության հետ, հետևաբար Վրաստանի իշխանությունները վերոհիշյալ օրենքով  փորձում են լուծել այդ խնդիրը։ Հենց այդ առթիվ էլ քննադատական հայտարարություններով հանդես եկավ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան, ինչն այս պարագայում վրացական ընտրություններից առաջ գործող վարչակարգի նկատմամբ դիրքորոշումները կոշտացնելու փորձ է։ Թբիլիսի-Բրյուսել և Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերությունների տրամաբանությունը ոչ միայն հիմնված է արժեքային նույն համակարգի, այլև ռեալ քաղաքականության և գլոբալ զարգացումների վրա»,- ասաց Մելիքյանը։ 

Նրա կարծիքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը չունեն այն շռայլությունը, որ Վրաստանի նկատմամբ վարեն այնպիսի քաղաքականություն, ինչպիսին եղել է ժամանակին Բելառուսի նկատմամբ, ինչից հետո վերջինս ավելի մոտեցավ Ռուսաստանին։ Մելիքյանի խոսքով՝ տրամաբանությունը պետք է գործի այլ կերպ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ վարչակազմ կձևավորվի ԱՄՆ-ում, և ինչ հանձնաժողով կստեղծվի ԵՄ խորհրդում, հարաբերությունների վերականգնման գործում, գուցե, աղմկահարույց օրենքի հետ կապված լինեն որոշակի հստակեցումներ, գուցե, ներառվեն ընդդիմության հետ համաձայնեցված կետեր, որոնք թույլ կտան քաղհասարակությանն ու ԶԼՄ-ներին գործել ավելի ազատ։ 

«Բայց ես չեմ կարծում, որ արտասահմանյան գործակալների մասին օրենքը հետ կկանչվի Վրաստանի գործող իշխանությունների հաղթանակի պարագայում։ Այլ բան է, եթե նոր իշխանություն ձևավորվի՝ հանձինս Սահակաշվիլիի թիմակիցների ձևավորած քաղաքական միավորի։ Այդ դեպքում տվյալ օրենքը միանշանակ կչեղարկվի»,- ասաց վրացագետը։

Մելիքյանը խոսեց նաև այն մասին, թե ապագա տարաբնույթ զարգացումներն ինչպես կազդեն Հայաստանի վրա։ Նրա կարծիքով՝ եթե նոր իշխանությունները վարեն հակառուսական քաղաքականություն, ապա դրան կհետևի Մոսկվայի հակազդեցությունը, ինչը կազդի մեր տնտեսության վրա, քանզի Լարսի անցակետի անխափան աշխատանքը շատ կարևոր գործոն է ՀՀ-ի տնտեսության համար։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ձգտում է վարել նաև տնտեսական դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, բայց մինչև իրական արդյունքի հասնելը պետք է ուշադրություն դարձնել վրաց-ռուսական հարաբերություններին, քանի որ մենք չափազանց կախված ենք մատակարարման այդ օղակից։  

«Մեզ համար կարող են վատ հետևանքներ ունենալ նաև Վրաստանի և Արևմուտքի վատ հարաբերությունները, քանի որ մենք, չունենալով ելք դեպի ծով, չենք կարող մնալ մեկուսացված վիճակում։ Ի վերջո, Հայաստանն ու Վրաստանը միմյանց աջակցում են, փորձում են միմյանց սատարել եվրաինտեգրման շրջանակում, և երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ առաջանում են տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորություններ, ուստի երկու դեպքում էլ և երկու ուղղություններով էլ Վրաստանը պետք է վարի հավասարակշռված և կայուն քաղաքականություն, ինչն անում էր նախորդ երկու տարիներին»,- պարզաբանեց Մելիքյանը։ 

Նրա բնորոշմամբ՝ Արևմուտքի մտրակի քաղաքականությունը Վրաստանի իշխանություններին այս փուլում չի վախեցնում, թեև պաշտոնական Թբիլիսին նշում է, որ արևմտյան գործընկերների հայտարարությունները ցավալի են և գիտակցում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները հարմար չեն Արևմուտքին, քանի որ չեն լարում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մելիքյանի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքականության մեջ գալիս է մի պահ, երբ գործընկերները կարող են ակնկալել ավելին, քան կարող են նրանց տալ՝ ելնելով սեփական ազգային շահերից։ Վրացագետի համոզմամբ՝ նույնիսկ ստեղծված բարդ իրավիճակում կարձանագրվի մի հանգրվան, երբ աշխարհաքաղաքական ուղենիշները կունենան ավելի մեծ նշանակություն, քան հարմար կամ ոչ հարմար լինելու պահը, հետևաբար Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ։ Հակառակ պարագայում դրանից կօգտվեն և բացը կլրացնեն մրցակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը և այլոք, առավել ևս, որ Հարավային Կովկասում արդեն իսկ ձևավորվել է բազմաշերտ ազդեցությունների ասպարեզ։      

Մանվել Մարգարյան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Վրաստան

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Վերին Լարսի մոտ հերթում 2 608 բեռնատար սպասում է Վրաստանի սահմանն անցնելուն

Վրաստան

Վերին Լարսի մոտ հերթում 2 608 բեռնատար սպասում է Վրաստանի սահմանն անցնելուն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում