ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Երևան – Արմավիր միջպետական ճանապարհի և Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին, նաև գտնվել է Մեծամոր համայնքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են:
«Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ:
Զրուցեցի նաև ճանապարհին հարակից գործող շուկայում գյուղմթերք վաճառողների հետ»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով Երևան-Արմավիր -ՀՀ սահման միջպետական նշանակության 5,62 կմ ավտոճանապարհին՝ նա տեղեկացրել է, որ ավտճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածները հիմնանորոգվում են:
«Իրականացվում են նաև ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները: Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- ասել է վարչապետը։
Ամփոփելով Մեծամոր համայնք կատարած այցը՝ վարչապետը հայտնել է, որ կառավարությունը համայնքին հատկացրել է ընդհանուր 512 մլն դրամ արժողությամբ կոմունալ տեխնիկա:
«Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում:
Սուբվենցիոն ծրագրով նախկին պոլիկլինիկայի շենքը հիմնանորոգվել է և դարձվել համայնքապետարանի վարչական շենք:
Ծրագրի ընդհանուր արժեքը 252 մլն դրամ է, որից 88 մլն դրամը հատկացրել է կառավարությունը»,- գրել է վարչապետը։