ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։
Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեյին։
Ըստ աղբյուրի՝ ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։