Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը

5 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կոմիտեի անդամներին ներկայացվել են նախագնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը, ժամանակակից ստանդարտներով դատարաններ և նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծումը:

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախագծի շրջանակում նախատեսվում է 1500 մետր երկարությամբ գծի և շուրջ 150 մետր մետրոկամուրջի կառուցում: Տիգրան Ավինյանի խոսքով, հիմնական աշխատանքն արվելու է կամուրջի կառուցման տեսանկյունից, կայարանը տեղակայվելու է «Թումո» ստեղծարար կենտրոնի հարևանությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը ներկայացնելիս, նշվել է այն աշխատանքների շրջանակը, որը նախատեսվում է նախագծով: Ըստ այդմ՝ նախատեսվում են նոր վագոնների ձեռքբերում, ազդանշանման, կենտրոնացման և բլոկավորման համակարգի արդիականացում, հոսանքի մալուխի փոխարինում, նոր շարժասանդուղքների, ռելսերի ձեռքբերում, հաստոցային տնտեսության արդիականացում, հոսանքի համակարգերի փոխարինում, մետրոյի գծի դետալների ձեռքբերում, մետաղական կոնստրուկցիաների փոխարինում և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ նախագծերի վերաբերյալ՝ ճանապարհատրանսպորտային հոսքերի կառավարման, սոցիալ-տնտեսական ազդեցությունների տեսանկյունից:

Կարևորելով Երևանի մետրոպոլիտենի զարգացումն ու ընդլայնումը՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված ներդրումային նախագծերը կհաստատվեն տնտեսական հիմնավորվածության վերաբերյալ վերլուծությունը քննարկելուց հետո:

«Այնուհետև, ի կատարումն ժամանակակից ստանդարտներով դատարաններ ունենալու վարչապետի հանձնարարականի՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակված ժամանակակից ստանդարտներով դատարանների նախագիծը: Դրանով առաջարկվում է դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում, դատարանի շենքի ներքին կառուցվածք՝ փակ, բաց, սահմանափակ գոտիներ, նիստերի դահլիճներ, աշխատասենյակների նախագծում և գույքային ապահովության ստանդարտներ, դատարանի մեկ միասնական տիպային մոդելի մշակում, ըստ մասնագիտացումների և ատյանների, ՀՀ բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում, թվային ենթակառուցվածքի նախագծում և կազմակերպում, շենքային բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում և չորս հիմնական դատարանների վերակառուցում կամ կառուցում: Նշվել է, որ նախագծով կլուծվեն հետևյալ հիմնական խնդիրները՝ դատարանների անհավասար շենքային պայմաններ, պատշաճ գոտիավորման բացակայություն, դատական համակարգի գրավչության բացակայություն, որակյալ կադրերի անհավասար բաշխվածություն, ծախսաարդյունավետ կառուցակարգերի բացակայություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դիզայնը որոշակի վարքագծային կանոն է ենթադրում և արդարադատության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նաև այս կոմպոնենտի միջոցով: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության խնդիրն է՝ ստանդարտ սահմանել, որով դատարանի և դատավարության կողմերի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորվի:

Կոմիտեի անդամների քննարկման արդյունքում նախագիծը հաստատվել է»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նշվում է, որ նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծման նախագիծը ներկայացվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի կողմից: Ըստ այդմ՝ նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում նախակլինիկական հետազոտությունների կենտրոնի և դրա շուրջ հետազոտական կլաստերի ստեղծումն է: Որպես նախագծի գլխավոր հիմնավորում՝ ներկայացվել է դեղագործության զարգացման հնարավորության ստեղծումը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ դիտարկել ներկայացված նախագիծը մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև կատարել մասնագիտական փորձաքննություն և արդյունքները ներկայացնել կոմիտեի հաջորդ նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում