ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը հուլիսի 25-ին այցելել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որի շինարարության մեկնարկը տրվել է դեռևս մարտին` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ-փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ծառայության տնօրենը տեղում հետևել է շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ: Տնօրենը կարևորել է հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեության արդյունավետությունը, որոնց շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում են մարդկային կորուստները։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանի ուղեկցությամբ Կամո Ցուցալյանն այցելել է նաև Ծաղկաձորի հենակետ, որտեղ ծանոթացել է տարածքում իրականացվող բարեկարգման և նորոգման աշխատանքներին:
Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում «Հրազդան ՋԷԿ»-ի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներում ներկայացվել են ծառայողների կենցաղային և շենքային պայմանները, գույքային և տեխնիկական կարողությունները, ջոկատների պատրաստվածության վիճակը:
Նշվում է, որ փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը տեղերում անձնակազմին տվել է մասնագիտական խորհուրդներ և հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։