Իրավունք

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները

Հայաստանի ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է՝ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է. մշտապես նոր մարտահրավերների առնչվող Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց առջև դրված խնդիրներին:

Ոստիկանության պետը փաստել է, որ համակարգի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ստորաբաժանումների փոխկապակցված և համակարգված աշխատանքով։

Անդրադառնալով հակաիրավական արարքների կանխարգելման և օպերատիվ արձագանքման կարևորությանը՝ նա ընդգծել է գործառույթների հստակ տարանջատման և թիրախային ուղղությունների հասցեական սահմանման անհրաժեշտությունը։

Առանձնահատուկ կարևորվել է հանցագործությունների կանխման ու նախականխման նպատակով վերլուծական և օպերատիվ-գործառնական միջոցառումների շարունակականությունը։

Հանձնարարվել է ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հովանավորչության բացառման ուղղությամբ աշխատանքները:

Հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքների վիճակագրությունը: Քննարկվել են առկա խնդիրներն ու անելիքները։ Կարևորվել է բոլոր օղակներում կատարողական կարգապահության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը։

Ավարտին Ոստիկանության պետը հորդորել է ցուցաբերել բարձր նախաձեռնողականություն և համագործակցային մոտեցում՝ ընդգծելով, որ տարածքային ստորաբաժանումներն ամենամոտն են կանգնած լոկալ խնդիրներին, ուստի պետք է ներկայացնեն անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործուն լուծումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում