Մարզային

Աշոցքում մեծ շուքով նշվել է Համայնքի օրը

3 րոպեի ընթերցում

Աշոցքում մեծ շուքով նշվել է Համայնքի օրը

Աշոցք համայնքում մեծ շուքով նշվել է Համայնքի օրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագիրը կրող տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր և համայնքի բնակիչներ։

Մինչ տոնակատարության մեկնարկը ներկաները Աշոցքի պուրակում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայ քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։ Այնուհետև նրանք շրջել են համայնքի 25 բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի ավանդույթներին և դիտել ներկայացված ցուցահանդեսը։

Իր շնորհավորական խոսքում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ Աշոցքի բնակիչների խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում։ «Միջոցառման խորագիրը խոսուն է՝ Աշոցքի տոնը դիտարկվում է որպես ընտանեկան տոն, իսկ Աշոցքը՝ մեկ ընտանիք իր բնակավայրերով։ Եթե կա միասնականություն, համայնքը դառնում է բերդ՝ անառիկ ու աներեր։ Կառավարության հետ համատեղ, բոլորիս ջանքերով պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի մեր երկիրը, մեր մարզը, համայնքները և ընտանիքները լինեն բարեկեցիկ։ Այս առումով վերջին տարիները կարելի է համարել բեկումնային։ Պետական միջոցներով կառուցվում ու նորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր և ենթակառուցվածքներ»,- նշել է մարզպետը։

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ 2018-2025 թվականներին Աշոցքում պետություն-համայնք համագործակցության շրջանակում իրականացվել է 1 միլիարդ 490 միլիոն 268 հազար դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 838 միլիոն 202 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը։ «Թվերն արդեն իսկ խոսուն են՝ հատկապես հաշվի առնելով դպրոցների կառուցման և նորոգման ուղղությամբ կատարվող ներդրումները։ Անելիքներ, իհարկե, դեռ կան, սակայն կա նաև կամք՝ համատեղ աշխատանքի և առաջընթացի համար»,- հավելել է մարզպետը։

«Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրով տոնական միջոցառումը եզրափակվել է մեծ համերգային ծրագրով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում