Մարզային

Ախուրյան համայնքի բնակավայրերում բացվել են ժամանակակից ոճով կահավորված գրադարաններ

2 րոպեի ընթերցում

Ախուրյան  համայնքի բնակավայրերում բացվել են ժամանակակից ոճով կահավորված գրադարաններ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Մայիսյան բնակավայրերում բացվել են նոր, ժամանակակից ոճով կահավորված գրադարաններ՝ հարմարավետ ընթերցասրահով, խաղաղ ու լուսավոր միջավայրով, որը գյուղերի բնակիչների համար կլինի ոչ միայն ընթերցանության, այլև մշակութային ժամանցի, հանդիպումների և նոր գաղափարների ձևավորման կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աննման Մինասյանը, նորաստեղծ գրադարանները «Կալեյդոսկոպ» գրադարանների նոր մոդելի մի մասն է, որը նախատեսված է գյուղական համայնքներում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը խթանելու և գրադարանային միջավայրը նորովի ձևավորելու համար։ 

Ախուրյան համայնքի երեք բնակավայրերում բացված գրադարաններից յուրաքանչյուրը համալրվել է շուրջ 300-ական, ամբողջությամբ նոր տպագրության գրքերով՝ ընթերցողներին առաջարկելով նոր ու բազմազան գրականություն։ Ծրագիրն իրականացվել է Liad4Shirak ծրագրի շրջանակում՝ «Կենտրոնական Շիրակ» ՏԱԽ-ի (Տեղական Ակտիվ Խումբ) և Ախուրյան համայնքի համագործակցությամբ, Եվրոպական միության՝ Հայաստանում և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 միլիոն դրամ, որից 1,5 միլիոն դրամը տրամադրել է Ախուրյան համայնքապետարանը։ Համայնքապետարանը նաև հոգացել է գրադարանավարների հաստիքների ապահովումբ, տրամադրել անհրաժեշտ տարածքները և ստանձնել դրանց պահպանման ու կոմունալ ծախսերի հոգածությունը։

«Այս համագործակցությունը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների և համայնքի համատեղ ջանքերով կարելի է նոր կյանք հաղորդել գյուղական բնակավայրերի մշակութային միջավայրին։ Ախուրյան համայնքը շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին՝ բաց լինելով նորարարական գաղափարների և համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի համար»,-նշեց Աննման Մինասյանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում