Մշակույթ

Բալետն աշխարհի ամենագեղեցիկ, ամենատղամարդկային, ամենադժվար և գույնզգույն արվեստն է. Րաֆֆի Գալստյան

10 րոպեի ընթերցում

Բալետն աշխարհի ամենագեղեցիկ, ամենատղամարդկային, ամենադժվար և գույնզգույն արվեստն է. Րաֆֆի Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալետն աշխարհի ամենագեղեցիկ արվեստն է։ Այսպես է կարծում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։ Երիտասարդ արտիստը զբաղված է թատրոնի բոլոր ներկայացումներում. «Սպարտակ», «Դիմակահանդես», «Կարապի լիճ» և այլն։ Գալստյանի կերտած կերպարները բազմազան են, հետաքրքիր և գունեղ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Րաֆֆին պատմել է պարարվեստում առաջին քայլերի, ուսուցիչների, ոգեշնչումների և առաջիկա ծրագրերի մասին։

Մուտքը պարարվեստի հեքիաթային աշխարհ. առաջին հանդիպումը «Սպարտակ»-ի հետ

Փոքր հասակից եմ պարել մայրիկիս ստուդիայում։ Երկու տարեկանում առաջին անգամ բեմ եմ բարձրացել, իսկ բալետային ասպարեզում հայտնվել եմ տասը տարեկանում։

Իմ տասնամյակին ներկա էր Վանուշ Խանամիրյանը, ով մեր  ընտանիքի բարեկամն էր։ Նա ասաց՝ մայրս ինձ պետք է տանի Երևանի պարարվեստի պետական քոլեջ, որպեսզի հետագայում դառնամ Սպարտակ, առաջատար պարող։ Եթե նա մի բան ասում էր, պետք է արվեր։ Հնարավոր չէր չհամաձայնել։ Ինձ պայմանական սկզբունքով ընդունեցին քոլեջ։ Բալետային տվյալներ չունեի՝ միայն հասակս էր և տեսքս, այնինչ անհրաժեշտ է ունենալ գեղեցիկ թաթեր, թռիչք, ճկունություն և այլն։ Բնությունն ինձ չէր օժտել այդ ամենով, սակայն արդարացրի ինձ և այսօր բեմում եմ։

Սկզբում սովորել եմ Տաթևիկ Ղարիբյանի դասարանում, հետո՝ Գայանե Մանուկյանի, ավելի ուշ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի կուրսում։ Երբ Վանուշ Խանամիրյանն ասում էր, որ պետք է Սպարտակ դառնամ, չէի գիտակցում դրա կարևորությունը։ Մտածում էի՝ պապիկն ինչ է ուզում ինձնից։ Ես Սպարտակը չեմ, ես Րաֆֆին եմ։ Տասնյոթ տարեկանում, երբ պետք է Սպարտակ պարեի, հասկացա,  թե նա ինչ նկատի ուներ. փշաքաղվեցի։ Ներկայացումից հետո անգամ նրա գերեզմանին եմ այցելել, որ ասեմ՝ կատարվեց։

Սպարտակն ուժի, հզորության, ապստամբության, ազատության մարմնացումն է։ Նա լիդեր է։ Կարծում եմ՝ եթե ես լիդերի հատկանիշներ չունենայի, առաջատար մենապարող չէի լինի։ 

Իմ առաջին Սպարտակից շատ դժգոհ եմ։ Երբ նայում եմ տեսանյութերը, ցանկանում եմ՝ վառեն, ջնջեն։ Փոքր էի, կարճ ժամանակ ունեի դերին պատրաստվելու համար։ Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ պատրաստ չէի Սպարտակ պարել, բայց պարեցի։ Այսօրվա Սպարտակն ու այն ժամանակվա Սպարտակն անհամեմատելի են։ Ներկայացումից ներկայացում աճում ես։ Մի քանի տարի անց էլ հետ կնայեմ ու կասեմ, որ այս շրջանում իրական Սպարտակին չէի ճանաչում։ 

Մարմնավորած դերերն ու կապը հանդիսատեսի հետ

Այժմ օպերային թատրոնում նոր ներկայացման բեմադրական աշխատանքներ են ընթանում, որի փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել։ Ընդգրկված եմ ներկայացման մեջ և կերտել եմ կերպար, որն ինձ համար շատ կարևոր է։

Ուզում էի Սպարտակ պարել, պարեցի, «Դիմակահանդես»-ում ցանկանում էի մարմնավորել Արբենինին, որն ինձ շատ հոգեհարազատ էր, դա էլ արեցի։ 

Պարարվեստի բնագավառում հեղինակությունները շատ են։ Հայաստանյան իրականությունում բարձր եմ գնահատում Ռուբեն Մուրադյանին, Սևակ Ավետիասյանին։ Մշտապես առողջ մրցակցության մեջ եմ իմ հասակակիցներից Ռազմիկ Մարուքյանի հետ։ Ինձ համար հեղինակություններ են Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Նորայր Մեհրաբյանը և այլք։ Միջազգային բեմահարթակում տպավորում են Սերգեյ Պոլունինը, Իվան Վասիլևը  և ուրիշներ։

Ես էլ հասարակ մարդ եմ, բայց մի փոքր այլ կերպ են ընկալում բալետի պարողներին, մեր նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք կա։ Ուր գնում ենք, ասում են՝ օ, բալետի արտիստ եք։ Շատ ուրախ եմ դրա համար։ Նշանակում է՝ մարդիկ հասկանում են, թե ինչ բարձր արվեստ է բալետը։ Ամեն մեկս ունենք մեր հանդիսատեսը, որ տարբեր տարիքային խմբերից է։ Ինքս նրանց հետ կապ չեմ հաստատում, սակայն ինձ գտնում են։ Գրեթե բոլոր ներկայացումներից հետո գրում են, շնորհավորում, լավ խոսքեր են ասում։ Հանդիսատեսի շրջանում կան մարդիկ, որոնց հետ անգամ ընկերացել եմ և միշտ տեսնում եմ նրանց առաջին շարքում։ Կա հանդիսատես, որ ունի իր սիրած դերասանական կազմն ու միշտ գալիս է ներկայացումներին։ Այդպես պետք է լինի։

Միջազգային բեմերում ելույթների կարևորությունը

Ցանկացած արտիստի ուղղակի անհրաժեշտ է դուրս գալ միջազգային հարթակ, ներկայանալ օտարերկրյա հանդիսատեսին, մասնակցել բալետային մրցույթների։ Քո առաջ դռներ են բացվում, քեզ նկատում են, դու ես նկատում, սովորում ես, լիցքավորված վերադառնում ես քո երկիր այլ տրամադրությամբ, նաև՝ ֆինանսով, ինչը շատ կարևոր է ցանկացած արտիստի համար։ Շատ եմ սիրում շրջագայել, սիրում եմ ներկայանալ օտարներին։ Դա պետք է առաջխաղացման և զարգացման համար։ Առաջիկայում ևս ծրագրեր կան։ 

Դասական և ժամանակակից բալետը

Բորիս Էյֆմանի բալետային թատրոնում փորձաշրջան եմ անցել, ինչից հետո ցանկանում էին ինձ աշխատանքի վերցնել՝ որպես մենապարող, սակայն ունեի տարիքի խնդիր. 17 տարեկան էի և որոշեցի վերադառնալ Հայաստան ու ծառայել իմ թատրոնին։

Ինձ հոգեհարազատ է  դասական բալետը, քանի որ ամբողջ կյանքում դասական ոճում եմ պարել, բայց դա չի նշանակում, որ մենք չենք տիրապետում ժամանակակից ոճին։ Բնականաբար, ոչ այնպես, ինչպես օրինակ՝ Անգլիայի ազգային բալետը։ Բոլորս Երևանում տեսանք նրանց վարպետությունը։ Նրանք շատ լուրջ դպրոց են անցնում։  Տարիներ առաջ Երևանի պարարվեստի պետական քոլեջում բացվեց մոդեռն, ժամանակակից պարի բաժինը։ Քոլեջի հարյուրամյակին շատ փայլուն հանդես եկան։ Բոլորս ապշած էինք։ Բեմադրությունը Ռիմա Պիպոյանինն էր։ Զարմացած էինք. թվում էր՝ ուսումնարանի սաները ոսկորներ չունեն, հիանալի էր։

Մենք ևս սովորել ենք, պարել ենք ժամանակակից պար։ Օպերային թատրոնի խաղացանկում կան ժամանակակից ներկայացումներ՝ «Սիմֆոնիկ պարեր», «Գրավիտացիա»։  «Գրավիտացիա» ներկայացման մեջ աբեղային եմ մարմնավորում։ Բոլորս էլ գիտենք Լևոն Շանթի «Հին աստվածներ» ստեղծագործությունը, որը ներկայացման հիմքում է։  Աբեղան  հետաքրքիր հուզական աշխարհ ունի. պայքարում է իր բնության դեմ, ինչը դժվար է։ Նման հույզեր ապրելը զարմանալի է։ Նարինե Գրիգորյանի ղեկավարմամբ և Արա Ասատուրյանի խորեոգրաֆիայով, Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ շատ հետաքրքիր, գույնզգույն, գեղեցիկ ներկայացում է ստացվել։

Բալետը՝ որպես բացառիկ գեղեցիկ արվեստ

Բալետն աշխարհի ամենագեղեցիկ արվեստն է։ Բալետն ամենատղամարդկային արվեստն է,  ամենադժվար և գույնզգույն արվեստն է։ Բեմում ամեն ինչ անում ենք, բացի խոսելուց։ Երբեմն հույզերն այնքան շատ են, որ պարելու ընթացքում կարող ես ինչ-որ բան ասել, կամ մռնչալ։ Ի վերջո` բալետը թագավորական արվեստ է, որ ծնվել է պալատում։ Բալետով  բոլորը չէին կարող զբաղվել։ Բալետ կարող էին պարել միայն ազնվականները։ Այժմ այդ հնարավորությունը կա, և բոլոր կարող են բալետով զբաղվել։ 

Իմ ընկերներից շատերը չէին պատկերացնում, թե բալետն ինչ է, ասում էին, որ չեն սիրում բալետ։ Հարցրի՝ տեսե՞լ եք բալետ։ Հրավիրեցի, եկան, դիտեցին ներկայացումը։ Ապշած էին։ Խոստովանեցին՝ բոլորովին այլ աշխարհ է։

Մուտքը կինոարվեստ. կինոն՝ պատուհան դեպի այլ աշխարհ

Բազմասերիանոց ֆիլմը, որում նկարահանվում եմ, կոչվում է՝ «Եթե ես կրկին պարեմ»։ Գլխավոր դերերում ես եմ, Հելեն Սաֆարյանն է, Արման Ղազարյանը, Յուլիա Ֆինկը, Հայկ Պետրոսյանն ու այլ տաղանդավոր դերասաններ։ Հրաշալի խումբ է աշխատում։ Այն նկարահանում է «Մենք» հոլդինգը հատուկ «Արմֆլիքս»-ի համար։ Ռեժիսորը Հայկ Վարդանյանն է, պրոդյուսերը՝ Սերգեյ Հայրապետյանը։

Երբ նկարահանվելու առաջարկ ստացա, մտավախությունս այն էր, որ վատ ֆիլմ չլինի։ Երբ սկսվեց ընթեցումների, քասթինգների փուլը, հասկացա, որ որակյալ ֆիլմ ենք ստանալու։ Ֆիլմում բալետի արտիստ եմ, որ 44-օրյա պատերազմում կորցնում է ոտքերը։ Նա ստիպված է համակերպվել այդ իրականության հետ։ Ֆիլմում նրա ապրումներն են, զգացողությունները և այլն։ Շատ զուգահեռներ են տանում այս և «Ես մինչ քեզ», «1 գումարած 1» կինոնկարների միջև, բայց մեր ֆիլմը տարբերվում է։

Սա իմ առաջին ֆիլմն է։ Շատ հետաքրքիր աշխարհ է կինոարվեստը։ Այն բալետի պես անեզր է։ Հաճելի է տեսախցիկի հետ աշխատելը։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Երևանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է

Իրավունք

Երևանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է

Պղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները

Մարզեր

Պղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները

«Ռուսհամագործակցությունը» Հայաստանում հուշարձանների հետ կապված հատուկ նախագիծ է իրականացնում

Հայաստան

«Ռուսհամագործակցությունը» Հայաստանում հուշարձանների հետ կապված հատուկ նախագիծ է իրականացնում

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը

Հայաստան

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը

Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

Մշակույթ

Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը

Մշակույթ

Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը

Չորրորդ Full Moon Fest փառատոնը Երևանում հյուրընկալեց հանրահայտ արտիստների

Մշակույթ

Չորրորդ Full Moon Fest փառատոնը Երևանում հյուրընկալեց հանրահայտ արտիստների

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Ռազմական

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում