Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքներին
3 րոպեի ընթերցում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ղեկավար կազմի ուղեկցությամբ, աշխատանքային շաբաթն սկսել է Ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժիններ ու բաժանմունքներ այցերով, իսկ շաբաթավերջին այցելել է Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ ամփոփելով շրջայցը։
Աշխատանքային քննարկումների ընթացքում Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի պետ Սևակ Սիմոնյանն ու Սյունիքի մարզային բաժնի պետ Հայկ Պետրոսյանը ներկայացրել են իրենց բաժինների որոշ ցուցանիշներ ու աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերը։
Ըստ աղբյուրի՝ Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ հետաքրքրվել է Ծառայության շարժական գրասենյակների աշխատանքով։ Զեկուցվել է, որ շարժական գրասենյակների միջոցով սպասարկվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Ճամբարակ, Դիլիջան, Վարդենիս, Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան խոշորացված համայնքների հեռավոր գյուղերի շուրջ 700 քաղաքացի։ Նրանց տրամադրվել է խորհրդատվություն, իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվություն։
Շեշտվել է, որ շարժական գրասենյակների գործարկմամբ՝ ակտիվացել է խոշորացված համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը. նպատակը՝ քաղաքացիներին հասանելի ծառայությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելն է, ինչպես նաև տեղում մասնագիտական աջակցության տրամադրումը։
Սիրո Ամիրխանյանը հանձնարարական է տվել մարզային բաժինների պետերին վերահսկել նաև Ծառայության դեպոզիտ հաշիվներում առկա և քաղաքացիներին վերադարձման ենթակա գումարների գործընթացի համակարգված իրականացումը։
Նշվում է, որ Գլխավոր հարկադիր կատարողը շրջել է նաև մարզային բաժինների և բաժանմունքների վարչական շենքերով, տեղում ծանոթացել քաղաքացիների սպասարկման գրասենյակներին, հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին՝ ուշադրություն դարձնելով աշխատանքային միջավայրի հարմարավետությանը և նյութատեխնիկական հագեցվածությանը։