Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետի պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ` կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած Կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով: Քրիստեն Միխալը ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգը և հայտնել Էստոնիայի Կառավարության աջակցության պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման գործում: 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունն Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Էստոնիայի շարունակական աջակցության համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում