Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

 

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ «Դա նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ և փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ։ Դրա արտահայտություններից մեկը նաև Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքն էր Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ քննարկումների ժամանակ ընդգծել է, որ այդ օրենքը դիտարկում են նաև որպես լրացուցիչ խթան ժողովրդավարական բարեփոխումների համար, որովհետև Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարություն է վարում։  

«Շատ կարևոր է, որ այդ ռազմավարության մեջ ունենանք լրացուցիչ խթաններ, և այդ օրենքը լրացուցիչ խթաններից մեկն է։ Ուզում եմ հստակ լինել. երբեմն նաև Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, ցանկանում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների՝ Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե որոշ ժամանակ առաջ դա թվար կամ գնահատվեր անիրատեսական կամ անհնարին»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա, և ինքը շնորհակալ է Եվրամիությանը, շնորհակալ է Էստոնիային այդ որոշմանն աջակցելու համար։

Փաշինյանը հիշեցրեց նաև վիզաների ազատականցման բանակցությունների մասին ու ասաց՝ հույս ունի, որ բանակցությունները տրամաբանական ժամկետներում կհանգեն տրամաբանական ավարտի։

«Նախորդ տարի Եվրամիությունը որոշում կայացրեց Հայաստանին աջակցություն տրամադրել եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում, ինչը ևս շատ կարևոր որոշում է։ Շոշափելի, առարկայական կամ նյութական իմաստով այդ որոշումը բավականին սիմվոլիկ է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն։ Սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է։ Մենք հույս ունենք Եվրամիության հետ խորացնել նաև տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև կարծում եմ՝ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով»,-եզրափակեց Փաշինյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում