Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները
6 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը վերապրած, Անթուրայի թուրքական որբանոցում հայտնված, հետագայում Խորհրդային Հայաստանում՝ Լենինականում հաստատված անվանի գյուղատնտես Թորոս Թադևոսյանի (Ժամկոչյան) զավակները՝ Արես, Բերթա և Հերմես Թադևոսյանները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերեցին իրենց հոր լուսանկարներից ու ձեռագիր գրառումներից մի քանիսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոս Թադևոսյանը ծնվել է Կյուրինում 1906 թվականին։ 1915-ին ընտանիքի հետ բռնի տեղահանվել է, կորցրել մորն ու քրոջը՝ մնալով լիովին միայնակ, ապա հայտնվել է Լիբանանում՝ Անթուրայի թուրքական որբանոցում:
Մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում Թորոս Թադևոսյանի որդին՝ Արես Թադևոսյանն ասաց՝ հայրը պատմել է, որ Կյուրինը նման է եղել Վանաձորին՝ ձգված ձորի երկու կողմում։ «Հայրս հիշում էր՝ երբ իջել են քաղաք, ձախ կողմում մեծ ժայռ է եղել, որը համեմատել են քարացած պառավի հետ։ Շատ էի ցանկանում գնալ Կյուրին, տեսնել այդ քարն ու այնտեղից հող բերել ինձ հետ, սակայն արդեն ի վիճակի չեմ։ Հուսամ՝ թոռներս դա կանեն։ Կյուրինում Սուրբ Թորոս եկեղեցի է եղել, և տատս հորս Թորոս է անվանել»,-պատմեց նա։
Թադևոսյանները զբաղվել են ջուլհակագործությամբ, տարբեր հաստոցներ են ունեցել։ Տան առաջին հարկում աշխատել են, երկրորդ հարկում՝ բնակվել։ «Փոքր տարիքում հայրս վարակվում է ծաղիկով։ Այդ տարիներին երեխաներն ուղղակի կոտորվում էին այդ վարակից։ Կարմիր խաչի միջոցով Կյուրին պատվաստանյութ են բերում, և եկեղեցու մոտ հսկայական հերթեր են գոյանում։ Հորս բախտը մի քանի անգամ չի բերում։ Ամեն անգամ, երբ հերթը հասնում է նրան, պատվաստանյութը վերջանում է։ Հայրս 90-անց էր, սակայն շատ ամուր էր, գրեթե չէր հիվանդանում, դիմացկուն էր, միայն երբեմն հարբուխ էր ունենում»,-նշեց Արես Թադևոսյանն ու հավելեց՝ հայրն իսկապես ծանր կյանք է ունեցել. գաղթ, Առաջին համաշխարհային պատերազմ, հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ, որի մասնակիցն է եղել։
Թորոս Թադևոսյանն իր առաջնեկին անվանել է Բերթա. դա եղել է այն կնոջ անունը, որը Թորոս Թադևոսյանին և այլ մանուկների խնամել է որբանոցում։ Մյուս զավակների անունները Թորոս Թադևոսյանն ընտրել է՝ ցանկանալով, որ նրանց կանչելիս միանգամից մի քանի երեխա չպտտվի արձագանքելու։
Արես Թադևոսյանն ընդգծեց, որ իր մայրը ևս հետաքրքիր արմատներ է ունեցել, բժիշկների ընտանիքից է եղել։ Նրանց ընտանիքը շատ հայտնի է եղել։
Անդրադառնալով Թորոս Թադևոսյանի՝ Անթուրայի թուրքական որբանոցում անցկացրած տարիներին՝ Արես Թադևոսյանը պատմեց, որ այն գործել է Ջեմալ Փաշայի հսկողության տակ։ Որբանոցի նպատակն է եղել թրքացնել հայ որբերին և նրանց ապագա զինվորներ դարձնել։ Որբերը զինվորական հագուստ են կրել, մարզվել են, թուրքերեն են սովորել։ «Երեխաների անունները փոխել են. հորս անունն Ահմեդ են դրել։ Եթե երեխաներից որևէ մեկը մյուսին հայկական անունով էր դիմում, նրան ծեծի էին ենթարկում։ Հայրս պատմում էր, որ փորձել են այս կամ անկյունում կամաց հայերեն խոսել լեզուն չմոռանալու համար»,-ասաց նա։
Արես Թադևոսյանի թոռնիկը՝ 16-ամյա Սարո Զարգարյանն էլ ասաց, որ պապը հաճախ է պատմում իր մեծ պապի կյանքի մասին։ «Ինձ շատ է հետաքրքրում մեր պետությունը, հետաքրքրում է Հայոց ցեղասպանության շրջանը։ Ուզում էի իմանալ, թե համացանցում ինչ նյութեր կան մեծ պապիս մասին, հայտնի՞ է, թե նա ինչ գործունեություն է ծավալել սովետական շրջանում և այլն։ Որոնումների արդյունքում գտա Անթուրայի որբերի մասին հոդվածներ, որբերի անունները։ Երբ պապիկին հայտնեցի այդ հոդվածների մասին, որոնց հեղինակը Շուշանիկ Խաչատրյանն է, նա կապ հաստատեց թանգարան-ինստիտուտի հետ, և այսօր այստեղ ենք»,-պատմեց Սարոն։
Թորոս Թադևոսյանը շատ է ցանկացել, որ իր թոռներից գոնե մեկը դիվանագետ դառնա։ Նրա երազանքը որոշել է իրականացնել ծոռը՝ Սարո Զարգարյանը։
Թորոս Թադևոսյանը շատ գրառումներ է արել, անգամ բանաստեղծություններ գրել, իր գրառումներով անդրադարձել է նաև գաղթին, որբանոցին, սակայն Արես Թադևոսյանը դժվարընթեռնելի է համարում նրա ձեռագիրը։ Ուրախ է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գնահատել է այդ ժառանգության արժեքը։ Թանգարանի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշանիկ Խաչատրյանն էլ, ծանոթանալով գրառումներին, ընդգծել է դրանց արժեքը։
Խորհրդային Հայաստան գալով՝ Թորոս Թադևոսյանը հաստատվել է Լենինականում։ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո նրա շատ գրառումներ կորել են, սակայն Արես Թադևոսյանը կամաց-կամաց փորձել է հավաքել ու գտնել ամեն բան։ Երկրաշարժից հետո տնակներում են ապրել, բայց Արեսը տեսախցիկ է գնել, որպեսզի հարցեր տա հորն ու նկարահանի բոլոր պատասխանները, քանի որ գիտակցել է պատմության ընթացքի համար այդ հիշողությունների կարևորությունը։
Թորոս Թադևոսյանը մահացել է 1997 թվականի մայիսի 5-ին։