Հայաստան

Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի, 7 պացիենտ շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում

3 րոպեի ընթերցում

Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի, 7 պացիենտ շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների արդյունքները։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 14 կանչ, որոնցից մեկը՝ Նուռնուսից, երկուսը՝ Արզնի գյուղից, մնացածը՝ Բյուրեղավանից։ Առավոտյան ժամը 09:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ախտանշաններով շտապօգնության ևս 4 կանչ է գրանցվել։ Ահազանգողներից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Այս պահին Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ երեկ ԲԿ տեղափոխված 7 քաղաքացի»,- ասաց Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից դեպքի առնչությամբ մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել, ջրի նմուշառման փորձաքննության արդյունքները չեն ներկայացրել։

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ շտապօգնության ծառայությունը Բյուրեղավան համայնքից գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, այդ պահին դրանցից որոնցից 6-ն ավարտվել էր հոսպիտալացմամբ։

Հիվանդների հիմնական գանգատներն էին ինքնազգացողության վատացումը, ջերմության բարձրացումը և որովայնի շրջանում ցավերը։

Նախարարությունից հայտնել էին նաև, որ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական ուսումնասիրություններ և հակահամաճարակային միջոցառումներ։ Կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառում և լաբորատոր քննություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

«Վիոլա ջուր» ընկերությունից ևս հուլիսի 17-ին «Արմենպրես»-ի հայտնել էին, որ ստացել են ահազանգը և իրենց մասնագետներն այդ պահին ջրից նմուշառումներ են իրականացնում։ Արդյունքների մասին կտեղեկացնեն։

Հատկանշական է, որ 2026 թվականի ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Այդ ժամանակ հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։ Խմելու ջրի նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել էին կոլիֆորմ մանրէներ, իսկ կենսաբանական նմուշների լաբորատոր քննությամբ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմոռագիկ և էնտերոախտածին կոլի խմբի հարուցիչներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում