Մշակույթ

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

6 րոպեի ընթերցում

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմով հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի ցուցադրությունից առաջ Թամարա Ստեփանյանն ընդգծեց, որ հայրենիքում և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում ֆիլմը ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Մի բան է բացել Լոկառնոյի կինոփառատոնը, բոլորովին այլ բան է բացել իմ սիրելի հայրենիքի «Ոսկե ծիրան»-ը։ Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- նշեց Ստեփանյանը։

Սիրված կինոփառատոնը, որը մեծ դերակատարություն ունի հայկական կինոյի զարգացման, կինոճաշակի ձևավորման, համաշխարհային կինոյի բացառիկ նմուշները Հայաստանի հանդիսատեսին արագ հասցնելու գործում, կրկին իր շուրջ է համախմբել ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է FIAPF-ի կողմից ճանաչված 50 լավագույն փառատոններից մեկը: «Սա տասնյակ տարիների և հատկապես վերջին տարիների, որոնք միտված են եղել տարածաշրջանում փառատոնի դիրքավորմանը,  կատարած աշխատանքի արդյունք է: Մենք այդ բարդ, դրամատիկ տարածաշրջանում փորձել ենք ձևավորել մի արժեք, որը կգնահատվի աշխարհի կողմից»,-ասաց նա և հավելեց՝ այս տարի հյուրընկալել են 2 հարյուր միջազգային հյուրի՝ հեղինակություն վայելող արվեստագետների, որոնց թվում են օսկարակիր Պավել Պավլիկովսկին, հանճարեղ օպերատորներ Բրունո Դելբոնելը, Մահմուդ Քալարին, աշխարհահռչակ շեփորահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը, որը նաև մեծ համերգով հանդես կգա մարզահամերգային համալրում և այլք:

Նա հիշեցրեց, որ անցկացվելու են բազմաթիվ կրթական ծրագրեր, արտադրական համագործակցություն է նախատեսվում Կաննի կինոփառատոնի հետ, կազմակերպվելու են ցուցահանդեսներ, նշվելու է «Նամուս» ֆիլմի 100-ամյակը և այլն:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ արդեն հինգերորդ տարին է, որ քաղաքապետարանը «Ոսկե ծիրան»-իգլխավոր հովանավորն է: Նա շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ը վաղուց արդեն դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև Երևանի կարևոր մշակութային այցեքարտերից մեկը։

«Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնել այստեղ՝ մարդկանց, ովքեր սիրում են կինոն և ապրում են կինոյով։ Տարեցտարի «Ոսկե ծիրան»-ը գրանցում է նոր ձեռքբերումներ։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ավելի քան 5 հազար կինոփառատոնների շարքում «Ոսկե ծիրան»-ն աշխարհի լավագույն 50 փառատոններից մեկն է, և սա իսկապես կարևոր նվաճում է»,- նշեց նա։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրեց, որ 2003 թվականին իր ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանի և կինոգետ Սուսաննա Հարությունյանի հետ որոշել են հիմնադրել «Ոսկե ծիրան»-ը, քանի որ այն հայկական կինոյին շատ անհրաժեշտ էր:

«Փառատոնն անցել է երկար ճանապարհ և Հայաստանի նման լավ երկրին իսկապես պետք է նման փառատոն»,-ասաց Խաչատրյանն ու պատիվ համարեց «Վարպետ» մրցանակը հանձնել 23-րդ փառատոնի Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Նա ընդգծեց, որ «Վարպետ» մրցանակի են արժանանում այն արվետագետները, որոնք ոչ միայն լավ կինո են նկարահանում, այլև պատմությամբ իրենց գաղափարները, իրենց ինքնատիպ ձեռագիրն ու միտքն են տարածել աշխարհում: Խաչատրյանն ասաց, որ դոկումենտալ կինոյի երկրպագու է, սակայն կան հրաշալի խաղարկային ֆիլմեր, որոնց առաջ արժե խոնարհվել: Նա Հաուզներին աշխարհի լավագույն ռեժիսորներից մեկն է համարում:

Երեկոյի կարևոր իրադարձություններից էր նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Բացման արարողության երաժշտական հատվածում շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը ներկայացրեց յուրահատուկ երաժշտական կատարում՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին՝ հանդիսատեսին մատուցելով հատուկ իմպրովիզացիա։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնին, որն անցկացվում է  հուլիսի 12-19-ը, հանդիսատեսը Կինոյի տանը, «Կինոմոսկվա»-ում և «Նաիրի» կինոթատրոնում հնարավորություն կունենա դիտել 90 ֆիլմ՝ աշխարհի քառասուն երկրից։

Կինոփառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կինոյի համաշխարհային դեմքերը՝ օսկարակիր պրոդյուսեր Սև Օհանյանը, ֆրանսահայ դերասան, թատերական ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեհ ականավոր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և այլք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում