Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին
4 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է ֆրանսահայ անվանի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, որը հուլիսի 13-ին ներկա էր կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն ծավալած արտիստը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 16-ին կինոյի երկրպագուների դատին կհանձնի «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում:
Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» կինոնկարը պատմական, կենսագրական ֆիլմ է, որում գեներալ Շառլ դը Գոլին մարմնավորում է Սիմոն Աբկարյանը։ Ֆիլմը պատմում է 1940 թվականի հունիսյան իրադարձությունների մասին, երբ Ֆրանսիայի կապիտուլյացիայի ֆոնին գրեթե անհայտ գեներալը մեկնում է Լոնդոն՝ սկսելու «Ազատ Ֆրանսիա» շարժումը և պայքարելու նացիստական օկուպացիայի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոն Աբգարյանն ասաց՝ պատմությունը, ժամանակը կասեն, թե որքան էր անհրաժշետ Շառլ դը Գոլի մասին պատմող ֆիլմը Ֆրանսիային:
Նրա խոսքով՝ ֆիլմեր ստեղծելիս չեն մտածում դրանք անհրաժե՞շտ են, թե՞ ոչ, կինո են նկարահանում այն թեմաների շուրջ, որոնք կարևրում են: «Դը Գոլի մասին ֆիլմն ազատության, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության, հայրենիքի հանդեպ սիրո մասին է»,-շեշտեց դերասանը:
Աբգարյանը խոստովանեց, որ բավականին դժվար է մի քանի տողով ասել, թե ինչպես է կարողացել լիարժեք հասկանալ դը Գոլին ու կերտել նրա կերպարը: Դը Գոլի պայքարը հարազատ է Աբգարյանին: «Նա պայքարում էր իր երկրի համար, իսկ մենք՝ հայերս, դժբախտաբար շատ լավ գիտենք, թե դա ինչ է: Իմ հայ լինելն իմ դերասան լինելու, իմ.մասնագիտության հիմքում է: Ես շատ լավ գիտեմ նաև Լիբանանի, Ֆրանսիայի մշակույթը, սփյուռքը.շատ լավ ճանաչում եմ»,-ասաց նա՝ նշելով, որ այդ.ամենն օգնում են դերեկատարումների գործում:
«Շառլ դը Գոլը մարդ էր, որը մերժեց պարտությունը ևվիր երկրին վերադարձրեց պատիվը: Նա ոչ միայն Ֆրանսիան փրկեց, այլև՝ Ֆրանսիայի պատիվը»,-շեշտեց Սիմոն Աբգարյանը:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան»-ին՝ նա ասաց՝ շատ կարևոր է նման կինոփառատոնների անցկացումը Հայաստանում և մաղթեց, որ այն ընդլայնվի, զարգանա:
«Մենք պատմելու շատ բան ունենք. թե՛ Հայաստանը, թե՛ սփյուռքը հարուստ են պատմություններով, և մենք պետք է գրավենք կինոարվեստը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերով, այլև պատմելով մեր տեսակի, առանձնահատկությունների մասին, որպեսզի օտարները հասկանան, որ մենք մեր պատմությամբ, պայքարով ու գրականությամբ, արվեստագետներով, տեխնոլոգիաներով հարուստ ժողովուրդ ենք»,-ընդգծեց Աբգարյանը:
Սիմոն Աբգարյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո և հեռուստատեսային էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում։
Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ:
Մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին: Աբգարյանը բազմիցս արժանացել է ֆրանսիական,թատերական հասարակության բարձրագույն.գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին, 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝«Լավագույն ռեժիսոր« և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։
