Ձգտում եմ ստեղծել ֆիլմեր, որոնց յուրաքանչյուր բաղադրիչ, աղյուս ամուր կլինի և իր ճիշտ տեղում. Պավել Պավլիկովսկի
6 րոպեի ընթերցում

Օսկարակիր կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Պավել Պավլիկովսկին համարվում է ժամանակակից եվրոպական կինոյի ամենակայացած հեղինակներից մեկը։ Այս տարի նա հյուրընկալվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի շրջանակում տեղի ունեցավ Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմի երևանյան պրեմիերան։
«Հայրենիք» կինոնկարի համար ամիսներ առաջ Պավլիկովսկին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին ռեժիսորն իր արվեստի երկրպագուների հետ հանդիպմանն ասաց, որ կինո ստեղծելիս ձգտում է իր ասելիքը հնարավորինս պարզեցնել։ Նա աբստրակտի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի։ Հատկապես սև ու սպիտակ ֆիլմերում իրականությունից կտրում է աշխարհը, և դա անելու պատճառները շատ են։

«Ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր խոսել ներկա օրվա մասին և չգիտեմ, թե ինչպես է հնարավոր նկարահանել ֆիլմ այսօրվա իրականությունում. հեռախոսների, գաջեթների, թվային աշխարհի հնարավորությունները մեծ են, բայց անցյալի հետ հարաբերվելն ինձ համար ավելի հեշտ է, նույնիսկ ստալինյան ժամանակաշրջանի նկատմամբ կարոտախտ ունեմ։ Թվում է, թե աշխարհը գնալով դատարկվում է, մեր հարաբերություններն են փոխվում, և ես իսկապես հիանում եմ ռեժիսորներով, որոնք կարողանում են ողբերգականացնել ներկան։ Ես չեմ հասցնում դրա հետևից»,-նշեց նա։
Պավլիկովսկու խոսքով՝ ասում են, թե «Հայրենիք» ֆիլմն ինչ-որ չափով հարաբերվում է մեր օրերի հետ, բայց ինքը դա անելու միտում չի ունեցել։

Ֆիլմում 1949 թվականն է։ Հանճարեղ գերմանացի գրող Թոմաս Մանը վերադառնում է Գերմանիա։ Այդ ուղևորության ընթացքում նրան ուղեկցում է դուստրը՝ Էրիկա Մանը, որը ոչ միայն կայացած գրող է, այլև պետք է ծառայի որպես հոր քարտուղար։ Սա այն Գերմանիան չէ, որից Մանը հեռացել էր 1933 թվականին՝ նացիստների իշխանության գալուն պես։ Սա ավերված ու երկու հակադիր ճամբարների միջև բաժանված հայրենիք է, որը տոտալ կործանումից հետո քաոսի, նվաստության, մեղքի և ամոթի մեջ հին ինքնության նշույլներն է փնտրում։ Ոմանք ջանում են վերակառուցել Գերմանիան՝ հենվելով Թոմաս Մանի պես մտավորականների վրա, ոմանք էլ մեղադրում են նրան դավաճանության մեջ։ Մանը պետք է որոշի որ դերը ստանձնել։
«Ֆիլմի հերոսը չգիտի, թե ինչպես է պետք հարաբերվել այդ ամենի հետ, նա, կարծես, կանգնում է երկու տարբեր դարաշրջանների բախման միջև»,-ասաց Պավլիկովսկին։

Ըստ նրա՝ ֆիլմերում ներկայացվող պատմությունները պետք է կապ ունենան հեղինակի անձնական փորձառության հետ։ «Բոլորս բախվում ենք բևեռացման, մարդիկ դադարում են մտածել ուրիշների մասին, դադարում են մտածել անգամ իրենք իրենց մասին։ Ֆիլմը նաև այդ թեմաներին է անդրադառնում, բայց ես ինձ ապահով եմ զգում անցյալում»,-ասաց ռեժիսորն ու հավելեց՝ մեծ արվեստագետները բոլոր ժամանակներում էլ բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում, սակայն ինչ-որ պահի մարդկության, մշակույթի շնորհիվ կարողանում են միավորել և պահել հոգևոր արժեքները։ Նա հույս ունի, որ մի օր դա կստացվի նաև քաղաքական տեսանկյունից, քանի որ աշխարհը գնում է դեպի անկառավարելիություն։
Պավել Պավլիկովսկին իր ֆիլմերով փորձում է խուսափել ձանձրալի տեսարաններից, եթե հնարավոր է ինչ-որ բան ավելի պարզեցնել, անում է դա, չի ընտրում այնպիսի սցենարներ, որոնք հետո պետք է ստիպված լինի բացատրել և հավելյալ տեղեկություն տրամադրել դրանց վերաբերյալ, փորձում է այնպես համադրել կադրերը, որ դրանք շատ բանի մասին խոսեն։

«Չեմ ցանկանում, որ հանդիսատեսի միտքը կքի ծանրության տակ։ «Հայրենիք» ֆիլմում ձգտել եմ խուսափել պատմական, անձնական մանրամասներից։ Փորձում են այնպիսի ֆիլմեր նկարահանել, որոնցում յուրաքանչյուր բաղադրիչ, աղյուս ամուր կլինի և իր ճիշտ տեղում, որպեսզի բաց տեղ չմնա, և ջուր չհոսի, տեղ չմնա բացատրության և ավելորդ մեկնաբանությունների։ Դա ավելի ապահով է թե՛ տեսապատկերման, թե՛ զգայական տեսանկյունից»,-ընդգծեց ռեժիսորը։
Նա խոստովանեց, որ շատ երկար է ընտրում թե՛ դերասաններին, թե՛ նկարահանումների տեղանքները։ Կարևորում է լավ նյութի հետ աշխատելն ու տաղանդավոր դերասանների հետ համագործակցելը, որոնք իրենց ուսերին կարող են տանել այդ լավ տեսարաններն ու դրանց զգացմունքայնություն հաղորդել։

Վերջին երեսուն տարվա ընթացքում Պավլիկովսկին նկարահանել է վեց խաղարկային լիամետրաժ ֆիլմ, սակայն դրանցից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի կինոյի աշխարհում։ «Իմ սիրո ամառը» (2004), «Իդա» (2013), «Սառը պատերազմ» (2018) ֆիլմերը ոչ միայն բազմաթիվ մրցանակների են արժանացել, այլև անջնջելի հետք են թողել կինոյի երկրպագուների գիտակցության մեջ։ Ֆիլմ առ ֆիլմ Պավլիկովսկին զտել է իր ինքնատիպ ոճը, որտեղ սև-սպիտակ սառնության ներքո ամենագույնզգույն զգացմունքներն են եռում՝ անհատական ապրումներ, որոնք Եվրոպա աշխարհամասի 20-րդ դարում վերապրած սոցիալ-հոգեբանական մեծագույն փոփոխությունների հայելին են դառնում։
Այս իմաստով՝ Պավլիկովսկին հիրավի մեր օրերի մեծագույն պատմագիրներից է, որի վերջին երեք ֆիլմերը եվրոպական նորագույն պատմության ամենամերկացնող մեկնությունների շարքում են։
