Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին
7 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 12-19-ը, կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններից։
Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին՝ երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ ստեղծելով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը կարևորեց այն փաստը, որ դիմացել են ժամանակի փորձություններին։ «Երբ մեկնարկում էինք փառատոնը, շատերը հարցնում էին, թե ինչի համար է այն, նշում էին, որ կինո չունենք։ Մենք պատասխանում էինք, որ փառատոն ենք իրականացնում, որպեսզի կինո ունենանք։ Այսօր կինոն բավականին լուրջ աճ ունի, բազմաթիվ կին ռեժիսորներ են հայտնվել դաշտում, որոնք նկարահանում են դոկումենտալ, անիմացիոն, խաղարկային ֆիլմեր, երիտասարդներ կան, որոնց դեբյուտային ֆիլմերի համար նախարարությունը ֆինանսավորում է տրամադրում։ Կարծում եմ՝ դա լուրջ ուշադրություն է կինոյի հանդեպ»,-ասաց նա և հավելեց, որ «Ոսկե ծիրան»-ը դասվում է աշխարհի լավագույն փառատոնների շարքում և բարձր գնահատականի է արժանանում։

«Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հիշեցրեց այն մասին, որ Հայաստանը 2027-ին կդառնա Կաննի կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ նպաստելով հայկական կինոյի միջազգայնացմանն ու երիտասարդ կինոգործիչների առաջխաղացմանը։

Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։
Ավետիսյանը հայտնեց, որ «Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro կրթարտադրական հարթակի շրջանակում տեղի կունենա փիչինգների առաջին սեսիան, որի արդյունքում ի հայտ կգան այն չորս հայ հեղինակները, որոնք հեղինակելու են այդ ֆիլմերը։
Նա տեղեկացրեց, որ «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն հուլիսի 12-ին, սակայն փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունեն հուլիսի 13-ին, քանի որ 12-ին Հայաստանում նշվում է Վարդավառը։

Բացմանը կցուցադրվի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարը, որով մեկնարկել է նաև Լոկառնոյի կինոփառատոնը։
Անդրադառնալով պատվավոր հյուրերին՝ Կարեն Ավետիսյանն ասաց, որ փառատոնը հյուրընկալելու է աշխարհահռչակ ռեժիսոր Պավել Պավլիկովսկուն, որն «Օսկար»-ի և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Նա երևանյան հանդիսատեսին կներկայացնի Fatherland նոր ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում, և այն համարվել է լավագույն ռեժիսորական աշխատանք։ Նա հանդես կգա նաև վարպետության դասով։

«Ոսկե ծիրան»-ի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը խորհուրդ տվեց հատուկ ուշադրություն դարձնել ցուցադրվող ֆիլմերին։ Խոսելով երևանյան պրեմիերաների մասին՝ նա առանձնացրեց Քրիստիան Մունջիոյի «Ֆյորդ» քաղաքական դրաման, որը Կաննի ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։ Նա յուրահատուկ համարեց նաև Կաննում ցուցադրված «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որում Շառլ դը Գոլին մարմնավորում է Սիմոն Աբգարյանը։ Սիմոն Աբգարյանը ներկա կլինի երևանյան պրեմիերային։ «Փառատոնային օրերին կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն պատվավոր հյուրերն ու ժյուրիի անդամները, որոնց կազմում են Ջեսիկա Հաուսներն Ավստրիայից, Միշել Ֆրանկոն Մեքսիկայից, որը նաև «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի հայկական մրցութային ծրագրի մենթորն է։ Հյուրընկալելու ենք նաև ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանին, որը Երևանում կներկայացնի «Օսկար»-ի արժանացած «Մեղսավորները» ֆիլմը»,-շեշտեց նա։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնը ստացել է 600 հայտ 90 երկրից, սակայն փառատոնի շրջանակում ցուցադրվելու է 90 ֆիլմ 40 երկրից։
«Ոսկե ծիրան»-ի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ հինգերորդ տարին է՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնական հովանավորն են։ «Այս տարի նախատեսել ենք 130 մլն դրամ գումար տրամադրել փառատոնի ծրագրերի, միջոցառումների անցկացմանը։ Սա աննախադեպ գումար է և պայմանավորված է փառատոնի միջազգային ասպարեզում ինքնադրսևորման, վարկանիշի բարձրացման հետ»,-ասաց փոխքաղաքապետն ու հավելեց, որ Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան ավելի վաղ պաշտոնապես հայտնել էր, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոններից մեկը դարձել է «Ոսկե ծիրան»-ը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ ասաց, որ երկար տարիներ իր բոլոր ընկերները, սփյուռքի գործընկերներն իրենց հունիսյան և հուլիսյան ծրագրերը կազմելիս ճշտում են, թե երբ է անցկացվելու «Ոսկե ծիրան»-ը, ինչը փաստում է, որ նրանք առաջնահերթություն են տալիս փառատոնին։ Փոխնախարարը հիշեցրեց, որ փառատոնի փակումը համընկնում է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի հետ, ինչը մեծ խնդրի առաջ է կանգնեցնում շատերին, բայց ինքը վստահ է, որ մարդիկ կնախընտրեն կինոտոնը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Երևանի կինոյի տանը, «Կինոմոսկվա»-ում և «Նաիրի» կինոթատրոնում։
