«Դը Գոլի մարտը», «Հայրենիք», «Արևմտամետները». վարկանիշային ֆիլմերը՝ «Ոսկե ծիրան»-ի տարբեր ծրագրերում
9 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ավանդույթի համաձայն շարունակում է համագործակցել մի շարք միջազգային կառույցների, դեսպանատների հետ, ինչի արդյունքում փառատոնին ցուցադրվում են հին ու նոր բացառիկ կինոնկարներ, որոնք ծանոթացնում են տարբեր երկրների մշակույթներին, մարդկային հարաբերությունների լավ ու վատ դրսևորումներին, արժեհամակարգերին և, վստահաբար, ընդլայնում են կինոյի երկրպագուների մտահորիզոնը։
23-րդ «Ոսկե ծիրան»-ը բացառություն չէ։ Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակում հնարավոր կլինի դիտել ֆրանսիական, կանադական, գերմանական մի շարք ուշագրավ ֆիլմեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանն ուրախությամբ նշեց, որ «Ոսկե ծիրան»-ը, որը դժվարությամբ է ստեղծվել և կայացել, 23 տարի շարունակ մեծ դեր է խաղում Հայաստանի և հայկական կինոմթնոլորտի, մշակութային քաղաքականության զարգացման գործում։

Նա հայտնեց, որ 23-րդ փառատոնին միացել է Կանադայի դեսպանությունը։ «Կանադական, գերմանական և ֆրանսիական ֆիլմերը ներառված են տարբեր ծրագրերում։ Շառլ դը Գոլին նվիրված ֆիլմը, «Երազված արկածը», «Հայրենիք» և այլ ֆիլմեր ներառված են հատուկ ցուցադրությունների շարքում։ «Կորիզ» ծրագրում ներկայացվելու են նաև արտերկրում ապրող հայազգի ռեժիսորների համարտադրությամբ ստեղծված ֆիլմեր»,-ասաց նա և հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 90 կինոնկար։
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների խոսքով՝ իրենց համար կարևոր է համագործակցել «Ոսկե ծիրան»-ի հետ, քանի որ այն տարածաշրջանային և միջազգային լուրջ կինոփառատոն է, առաջամարտիկներից է իր ոլորտում։ Կանադական ֆիլմերից փառատոնի «Միջազգային մրցույթ»-ում ընդգրկված է Հյուբեր Կարոն-Գուայի «Սահմանների մեխանիկան», «Տարածաշրջանային մրցույթ»-ում՝ Սանազ Սոհրաբիի «Անավարտ օրացույցը», Մարլեն Էդոյանի «Այնտեղ կրակ կա» և Գիլդա Փուրջաբարի «Արևմտամետները» կինոնկարները։

«Կանադական չորս ֆիլմերը ներկայացնում են այն բազմազանությունը, որը մեր երկիրը կարևորում և առաջ է մղում։ Ֆիլմերի համատեքստում մեծ թեմատիկ բազմազանություն կա։ Ֆիլմերում արտացոլվում են երիտասարդի անհատական մոտեցումների խնդիրը, նավթամթերքի շուկայի առանձնահատկությունները, աշխարհաքաղաքական զարգացումները, ընդհատակյա երիտասարդական կյանքը Կանադայում և այլն»,-նշեց դեսպանն ու վստահություն հայտնեց, որ մարդիկ հետաքրքրությամբ կդիտեն բոլոր կինոնկարները։
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը կարծում է՝ «Ոսկե ծիրան»-ը հիանալի առիթ է մեկ հարթակում համախմբելու հայ և ֆրանսիացի կինոգործիչներին, քանի որ դա նպաստում է համատեղ ֆիլմարտադրությանը, համագործակցություններին։ Նա հիշեցրեց, որ փառատոնի բացմանը ցուցադրվելու է Թամարա Ստեփանյանի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական կինոնկարը, որում նկարահանվել են հայ և ֆրանսիացի դերասաններ։

«Ֆրանսիական ծրագրի կարևոր ֆիլմերից մեկը գեներալ Շառլ դը Գոլի մասին պատմող «Դը Գոլի մարտը» երկմասանի կինոնկարն է, որում Գոլին մարմնավորում է ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանը, որը նաև փառատոնի հատուկ հյուրն է։ Ֆիլմի առաջին մասը կցուցադրվի հուլիսի 16-ին «Կինոմոսկվա»-ում, իսկ երկրորդը մասը՝ հուլիսի 18-ին։ Փառատոնի պատվավոր հյուրերից է կինոօպերատոր Բրունո Դելբոնելը, որն այժմ իր կարիերան կառուցում է ԱՄՆ-ում։ Նա աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կոեն եղբայրները, Թիմ Բյորտոնը։ Ցուցադրվելու է Դելբոնելի հայտնի աշխատանքներից մեկը՝ «Ամելի Պուլենի անհավանական ճակատագիրը» ֆիլմի վերականգնված տարբերակը։ Այս տարի փառատոնին հյուրընկալել ենք նաև հայտնի երաժիշտ Իբրահիմ Մալուֆին, որը «Տարածաշրջանային մրցույթ»-ի ժյուրիի անդամն է և հուլիսի 15-ին համերգով հանդես կգա Երևանում»,-տեղեկացրեց Տյուրսը։
«Գյոթե» ինստիտուտ Հայաստանի հետ համագործակցությամբ «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը ևս ներկայացնում է ժամանակակից եվրոպական կինոյի բազմազանությունը։ Ցուցադրվելու է 12 ֆիլմ։ Միջազգային լիամետրաժ մրցույթում կներկայացվի Յոշա Բոնգարդի «Մանուկ աստղ» կինոնկարը, «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում՝ Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» և Աբոլֆազլ Սաֆարիի «Մայրուղու եղջերուն» ֆիլմերը, «Տարածաշրջանային մրցույթ»-ում՝ Ալեքսանդր Քոբերիձեի «Չորացած տերև» ֆիլմը, Doc Alliance հատուկ ծրագրում՝ Վիվ Լիի «Երկու լեռ է ծանրացել կրծքիս» և Շտեֆանի Շրյոդերի «Սառը զանգ» ֆիլմերը։ «Ծուռ ծիրան» ծրագրում կցուցադրվի Կարիմ Այնուզի «Վարդաթփերի էտումը» կինոնկարը, իսկ Ջեսիկա Հաուսների «Հյուրանոց» և «Սիրելի Ռիտա» ֆիլմերը կընդգրկվեն փառատոնի հատուկ ցուցադրություններում։
Ինստիտուտի մշակույթի և հանրային կապերի ղեկավար Մարիամ Գուրզադյանը շեշտեց, որ գերմանական ֆիլմերը ցուցադրվելու են հուլիսի 12-ից, սակայն գերմանական ծրագրի մեկնարկը կտրվի հուլիսի 16-ին Վալեսկա Գրիզեբախի «Երազված արկածը» ֆիլմով։ «Այն ոչ այնքան ճանապարհորդություն է, որքան պատկանելիության զգացման, մարդկանց միջև կապեր ստեղծելու փորձի մասին վերլուծություն։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր մարդիկ և երկրներ վերապրել 1989 թվականին և 1990-ականներին տեղի ունեցող քաղաքական փոփոխություններն ու ինչպես են դրանք ազդում մարդկային հարաբերությունների վրա»,-պատմեց Գուրզադյանն ու անդրադարձավ մեկ այլ ուշագրավ կինոնկարի՝ Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմին, որը մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Այն ևս կցուցադրվի հուլիսի 16-ին։

Գուրզադյանի խոսքով՝ Պավլիկովսկին, որը եվրոպական կինոյի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, Հայաստանում կլինի որպես փառատոնի պատվավոր հյուր։ Հեղինակը հիմնականում անդրադառնում է հիշողության, ինքնության, աքսորի, վերադարձի և այլ թեմաների, իսկ «Հայրենիք» ֆիլմը պատմում է մեծանուն գրող Թոմաս Մանի և նրա դստեր ճամփորդության մասին, երբ նրանք ԱՄՆ-ից վերադառնում են Գերմանիա։
Գերմանիայից փառատոնը կհյուրընկալի նաև կինոոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների։ Ժյուրիի կազմում կլինի Բեռլինի միջազգային կինոփառատոնի նախկին գլխավոր ծրագրավորողներից Մարկ Պերսոնը։ Երևան կժամանի նաև Բեռլինի Մաքսիմ Գորկու թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆը, որը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում հայկական արվեստի ճանաչման գործում։ Փառատոնի հյուրերի թվում են նաև ռեժիսորներ Յենս Գայգերը, Նորիկ Քեշիշյանը և Տոբիաս Նյոլեն, ինչպես նաև DOK Leipzig միջազգային կինոփառատոնի DOK Industry հարթակի ղեկավար Նադյա Թենշտեդտը։
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը, որը կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ մրցութային և արտամրցութային ֆիլմերի աշխարհի տարբեր երկրներից, դիտել կինոնկարներ Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններից, կանցկացվի հուլիսի 12-19-ը (բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին)։
Հյուրերի հետ հանդիպումները տեղի կունենան տարբեր մշակութային հարթակներում, իսկ փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Երևանի կինոյի տանը, «Կինմոսկվա», «Նաիրի» կինոթատրոններում։
