Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունից հայտնում են, որ արվեստագետը պարգևատրվել է համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:
Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։ Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Սիմոն Աբգարյանն ընդգծել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ»։
Սիմոն Աբգարյանը Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Փառատոնի շրջանակում հուլիսի 16-17-ին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ռեժիսոր Անտոնեն Բոդրիի` երկու սերիայից բաղկացած «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որը պատմակենսագրական դրամա է, և որում Սիմոն Աբգարյանը մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլի դերը։