Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան
11 րոպեի ընթերցում

Ամերիկահայ կինոպրոդյուսեր, սցենարիստ Սև Օհանյանը, որը Հայաստանում առավել հայտնի դարձավ օսկարակիր «Մեղսավորները» ֆիլմի շնորհիվ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հյուրընկալվել է Հայաստանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 18-ին կինոարվեստի երկրպագուները հնարավորություն ունեցան հանդիպել Օհանյանի հետ և մի շարք մասնագիտական գաղտնիքներ բացահայտել:
Պրոդյուսերը խոստովանեց՝ այնպիսի զգացողություն ունի, ասես տուն է վերադարձել. երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում, նա միակ ուղևորն է եղել, որը բարձր ծափահարել է:
Առաջին անգամ ծնողների հետ Հայաստան է եկել 2003 թվականին։ «Անհավանական մեկ շաբաթ անցկացրինք։ Տասը տարի առաջ էլ երկու շաբաթով եկա՝ «Թումո»-ում դասավանդելու համար: Դա նույնպես անհավանական փորձառություն էր։ Այսօր այստեղ տեսնում եմ իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ինչը հրաշալի է, իսկ հիմա այստեղ եմ այս միջոցառման համար։ Անկեղծ ասած՝ սա կատակ չէ․ բառացիորեն երազել եմ, որ իմ ֆիլմերից մեկը ցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում: Այնպես որ հիմա ինձ դրախտում եմ զգում։ Հրաշալի է»,-ասաց նա:
Օհանյանի առաջին ֆիլմը՝ «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը», որը նա նկարահանել է 19 տարեկանում, հուլիսի 18-ին ցուցադրվեց կինոփառատոնի շրջանակում: «Այն նկարահանել եմ հայրիկիս տնային տեսախցիկով։ Ֆիլմը հայ ներգաղթյալ ծնողների և նրանց՝ արդեն ամերիկյան շնչով ապրող դեռահաս երեխաների մասին է, որոնք մեծ վեճի մեջ են ընկնում հանգստի մեկնելու պատճառով։ Այդ ֆիլմը նկարահանեցի առանց գումարի։ Հայրս ինձ հետ աշխատեց որպես պրոդյուսեր, մայրս կարել էր այն էկրանը, որի վրա ֆիլմը ցուցադրեցինք Գլենդելի ավագ դպրոցում։ Լոս Անջելեսում հազարավոր հայեր եկան՝ աջակցելու ֆիլմին, իսկ աշխարհի տարբեր երկրներում հազարավոր հայեր գնեցին դրա DVD-ները։ Դա Netflix-ից և այս ամենից առաջ էր»,-պատմեց Օհանյանը:
Պրոդյուսերը երբեք չի պատկերացրել, որ տասնութ տարի անց ֆիլմը Հայաստանում կցուցադրվի լեփ-լեցուն դահլիճում, և մարդիկ կծիծաղեն ու հաճույքով կդիտեն այն։
Ասաց՝ հուզմունքից իրեն կորցրել է և անչափ երախտապարտ է։ Կարծում է՝ իր ամբողջ կարիերայի համար պարտական է հայկական համայնքին։ Այնպիսի զգացողություն ունի, կարծես նրանք իրեն ամուր գրկել են և ուզում է բոլորին պատասխան գրկել։
Երբ Օհանյանն ընդունվել է ամերիկյան ամենահեղինակավոր կինոդպրոց, միակ ուսանողն է եղել, որն արդեն ֆիլմ է ունեցել: «Մեզ ասում էին․ «Երբ գալիս եք այստեղ, կենդանիների հետ մի աշխատեք, կրակ մի օգտագործեք, կասկադյորական հնարքներ մի արեք և կենտրոնացեք արվեստի վրա»։ Բնականաբար, ես ցանկանում էի այդ ամենն անել: Ինձ դուր էր գալիս կինոդպրոցի միջոցով հավակնոտ ծրագրեր իրականացնելը, փորձարկումներ անելը, որովհետև ռիսկը շատ ավելի փոքր էր։ Պետք չէր անհանգստանալ եկամուտների համար։ Մենք պարզապես փորձում էինք հետաքրքիր բաներ ստեղծել։ Ժամանակի ընթացքում ուսանողներն իրար ասում էին․ «Նա շատ լավ պրոդյուսեր է։ Շատ հավակնոտ է»։ Հետո հանդիպեցի Ռայան Քուգլեր անունով մի տղայի։ Նա առաջին ոչ հայ մարդն էր, որին ցուցադրեցի իմ հայկական ֆիլմը։ Շատ էի անհանգստանում՝ արդյոք նա կհասկանա ֆիլմը։ Ի զարմանս ինձ՝ նա ոչ միայն հասկացավ, այլև իսկապես հավանեց այն։ Նա ֆիլմի հերոսներին նմանեցրեց իր ընտանիքի անդամներին»,-պատմեց Օհանյանն ու հավելեց՝ դա դարձել է իրենց աշխատանքային հարաբերությունների հիմնաքարերից մեկը։
Մինչ օրս աշխատում են միասին։ Նրանց համատեղ «Մեղսավորները» ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի ռեկորդային 16 անվանակարգում և հաղթել է «Լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում:
Օհանյանը, Ռայան Քուգլերը և Զինզի Քուգլերը հիմնադրել են Proximity Media-ն, որի միջոցով բազմաթիվ նախագծեր են իրականացնում՝ խաղարկային ֆիլմեր, փոդքասթներ, վավերագրական և անիմացիոն աշխատանքներ։
«Մենք ցանկանում ենք ստեղծել մասշտաբային կինոնկարներ, հեռուստասերիալներ, նախագծեր և աուդիոնյութեր, որոնք հանդիսատեսին կմոտեցնեն հաճախ անտեսված թեմաներին։ Օրինակ՝ կարող ենք նկարահանել գաղտնի գործողության մասին թրիլեր: Այդպիսին է «Հուդան և Սև Մեսիան»: Ավելի նոր օրինակ է «Մեղսավորները» կինոնկարը: Նրանք, ովքեր տեսել են այն, գիտեն, որ դա վամպիրների մասին հետաքրքիր, երաժշտությամբ և գործողություններով հարուստ ֆիլմ է, բայց իրականում այն պատմում է Ամերիկայի պատմության մի ժամանակաշրջանի մասին, որը, անկեղծ ասած, հաճախ անտեսվում է: Շատ հպարտ եմ Ռայանի և Զինզիի նման գործընկերներ ունենալու համար։ Նրանք մեծ ոգևորությամբ ցանկանում են մեր ձեռք բերած հաջողությունն օգտագործել՝ աշխարհի հանդիսատեսի ուշադրությունը հայկական պատմությունների վրա կենտրոնացնելու համար։ Դա իսկապես մեր նպատակն է»,-ասաց Օհանյանը:
Օհանյանի և իր գործընկերների նպատակներից է Ամերիկային և ամբողջ աշխարհին ներկայացնել զվարճալի, կոմերցիոն ֆիլմեր, որոնցում կլինի հետաքրքիր, հիացմունքի արժանի կերպար, որին մարդիկ կարող են նայել և ասել․ «Նա իսկապես շատ լավն էր։ Ո՞վ էր», և պատասխանը կլինի. «Նա հայուհի է»։
Այժմ աշխատում են նոր նախագծի վրա: Պատմությունը կպատմի օտար երկրում ապրող հայուհու ծագման, նրա ներկայացրած արժեքների և այն մասին, թե որքան հետաքրքիր կերպար է նա։
Օհանյանը կարծում է՝ Ռայան Քուգլերը նման հրաշալի օրինակ է ստեղծել «Սև հովազ» ֆիլմով, որը պատմում է աֆրիկյան համայնքի մասին և ամբողջ աշխարհին ցույց է տալիս, թե որքան հետաքրքիր կարող է լինել այդ մշակույթը։
«Կարելի է պարզապես լավ լրտեսական ֆիլմ նկարահանել, բայց եթե դրան հետաքրքիր մշակութային բաղադրիչ ավելացնես, այն կտարբերվի մնացածից։ Օրինակ՝ «Մեղսավորները» ֆիլմը պատմում է աֆրոամերիկացիների համայնքի մասին, որի անդամները բլյուզ են նվագում և սիրում։ Դա ֆիլմին այնպիսի նոր բան է տալիս, որը վամպիրների մասին մյուս ֆիլմերում չես տեսել։ Ուզում եմ հնարավորինս շուտ գա այն պահը, երբ կկարողանամ մեր մշակույթն ավելի լայնորեն և ավելի մեծ հարթակում ներկայացնել»,-ասաց նա:
Կրկին խոսելով «Մեղսավորներ»-ից՝ Օհանյանը նշեց, որ այն լավ կինոնկար դարձնելու գործում ամենակարևոր մարդը պրոդյուսերից, իրավաբանից, սցենարիստ-ռեժիսորից և գլխավոր դերասաններից բացի, եղել է Քրիս Կարուգլյան անունով մի մարդ: Նա եղել է գլխավոր սննդի մատակարարը և բոլորի համար համեղ ուտելիքներ է պատրաստել:
«Մենք Լուիզիանայում էինք։ Մի օր նկարահանման օրակարգում տեսա, որ սննդի բաժինը ղեկավարող մարդը հայկական ազգանուն ունի։ Անմիջապես ամեն ինչ թողեցի և հարցրի, թե ով է նա: Գնացի խոհանոց և հարցրի, թե որտեղ է Քրիսը: Բոլոր խոհարարներն անհանգստացան, մտածեցին, թե ինչ-որ մեկը թունավորվել է: Գնացի նրա մոտ և ասացի, որ մի քիչ բաստուրմա բերի ու պետք է ճաշացանկը փոխենք: Ամեն օր գնում էի նրա մոտ և հարցնում. «Եղբա՛յր, սուջուխը որտե՞ղ է»։ Նա անհավանական մասնագետ է, և շատ եմ սիրում նրա հետ աշխատել։ Հաճելի է մտածել, որ բոլորին կերակրող մարդը հայ էր, և նրա պատրաստած սնունդը մեր ֆիլմը առանձնահատուկ դարձրեց»,-շեշտեց Օհանյանը:
Անդրադառնալով «Օսկար»-ին և «Ոսկե գլոբուս»-ին՝ պրոդյսուրը խոստովանեց՝ ֆիլմը նկարահանելիս իրենց մտքով չի էլ անցել, որ հնարավոր է նման հաջողություն ունենալ, բայց հպարտության մեծ զգացում են ունեցել այն փաստից, որ իրեցն տեսնում են Հոլիվուդի ամենամեծ բեմում։
Սև Օհանյանն ընդգծեց՝ կինոն իր համար կարևոր երևույթ է, մարդկանց սրտերին հասնելու միջոց է: Իրեն հատկապես դուր է գալիս կողքից հետևել, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ մեծ էկրանների առաջ նստած դիտում իր ֆիլմերը, ինչպես են արձագանքում: Բավականություն է ստանում դրանից: «Հիշում եմ՝ ֆիլմերից մեկի ամենաէմոցիոնալ պահերից մեկի ընթացքում բազմությունը սկսեց ծափահարել, մարդիկ կանգնեցին: Ես չէի կարող հավատալ, որ այն, ինչ գրել եմ շատ երիտասարդ տարիքում, կարող է նման ազդեցություն ունենալ: Այդ օրվանից հետո սիրում եմ նայել, թե ինչպես են մարդիկ դիտում իմ ֆիլմերը: Ամեն բան անում եմ այդ պահի համար»,-ասաց նա և խոստովանեց՝ եղել են բազմաթիվ պահեր, երբ դժվարությունների պատճառով որոշել է դադարեցնել կինոարվեստով զբաղվելը, սակայն մտածելով կինոյի ազդեցության մասին՝ շարունակել է իր աշխատանքը:
Օհանյանը ստեղծում է բազմաժանր կինոնկարներ՝ խոսելով անհատի, տարբեր համայնքների խնդիրների մասին. չի մոռանում անդրադառնալ նաև հայերին։ Պրոդյուսերը խոստովանում է՝ ցանկանում է բարձր տեղ զբաղեցնել ամերիկյան կինոարվեստում՝ հայկական թեմաներով արժեքավոր ֆիլմեր նկարահանելու համար։
2010 թվականից ի վեր Օհանյանն արտադրել կամ համարտադրել է մոտ 20 ֆիլմ, որոնց մեծ մասը կա՛մ մեծ ֆինանսական հաջողություն է գրանցել, կա՛մ արժանացել ամերիկյան ամենահեղինակավոր պարգևներին։ Նրա նախագծերի շարքում են Անիշ Չագանտիի «Որոնումը» (2018), որը ոչ միայն համակարգչի էկրանին ծավալվող ֆիլմերի նոր ժանրի լավագույն նմուշներից է, այլև 880 հազար դոլար բյուջեի պարագայում 75 մլն դոլարի եկամուտ է ունեցել, Շաքա Քինգի «Հուդան և սև մեսիան» (2021), որը 5 «Օսկար»-ի է առաջադրվել, և Օհանյանի երկարամյա գործընկեր, ռեժիսոր Ռայան Քուգլերի «Մեղսավորները» (2025), որն «Օսկար»-ի պատմության մեջ երբևէ ամենաշատ պարգևների առաջադրված կինոնկարն է։
