Մշակույթ

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

4 րոպեի ընթերցում

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը («ՀայԱրտ» Կենտրոն), համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի՝ լուսանկարչության երկուհարյուրամյա հոբելյանի կապակցությամբ առաջին անգամ Հայաստանում և տարածաշրջանում կներկայացնի Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոս Ալաջաջյանի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցահանդեսը կգործի  սեպտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը։

Այն կներկայացնի 13 երկրի, 55 լուսանկարչի 114 սև-սպիտակ լուսապատկեր՝ անդրադառնալով լուսանկարչության և լուսատպության արվեստի զարգացմանն ու փոխկապակցվածությանը։

«Սև և սպիտակի լույսը» ցուցահանդեսն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում լուսանկարչական տպագրության վարպետի դերին՝ ներկայացնելով լուսատպության անվանի վարպետ Թորոս Ալաջաջյանի՝ Փարիզում շուրջ վեց տասնամյակի ընթացքում ստեղծած սև-սպիտակ անալոգային լուսանկարչության հսկայածավալ ժառանգությունը։

Հետահայաց ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում բացահայտելու լուսանկարչի և տպագրության վարպետի ստեղծագործական երկխոսությունը, որի արդյունքում լուսանկարը ստանում է իր վերջնական տեսքն ու ամբողջական արտահայտչականությունը։ Ցուցադրվող աշխատանքների մեծ մասը ներկայացնում է Թորոս Ալաջաջյանի անձնական հավաքածուն։

Թորոս Ալաջաջյանի ընդգրկուն հավաքածուի առաջին ցուցադրության առանցքում այն գաղափարն է, որ լուսանկարը միայն լուսանկարչի աշխատանքի արդյունքը չէ։

Լուսանկարչական կադրի ստեղծմանը հաջորդող լուսատպության գործընթացը կարևոր դերակատարություն է ստանձնում ստեղծագործության վերջնական ընկալման և դրա գեղարվեստական ներուժի բացահայտման գործում։

Այդ մոտեցումն ընդգծել է նաև Անրի Կարտիե-Բրեսոնը՝ նշելով. 

«Լուսանկարը սահմանում է ակնթարթը, իսկ լուսատպությունը՝ հավերժությունը»։

Արդի Արվեստի Կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանի (Ա․Մ․) խոսքով՝ ցուցահանդեսը կարևոր նշանակություն է կրում ոչ միայն լուսանկարչության պատմության, այլև՝ մշակութային ժառանգության պահպանման և հանրայնացման տեսանկյունից. «Թորոս Ալաջաջյանի բազմամյա ստեղծագործական ժառանգությունը հնարավորություն է տալիս նոր դիտանկյունից անդրադառնալ լուսանկարչության և լուսատպության փոխկապակցվածությանը. «Սև և սպիտակի լույսը» խորագիրը կրող լայնածավալ ցուցահանդեսը կարևոր արվեստային նախագիծ է, որը Երևանում ներկայացնում է միջազգային նշանակության լուսանկարչական ժառանգություն և միաժամանակ ընդգծում է տպագրական վարպետության դերը լուսանկարչական ստեղծագործության ամբողջականացման գործում։ Ուրախ ենք, որ այս նշանակալի նախագիծը ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնում, և հատկապես կարևորում ենք Թորոս Ալաջաջյանի անձնական ներկայությունը ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը»։

Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ հանրությանը ներկայացվող և մասնագիտական հանրության համար բացառիկ իրադարձություն հանդիսացող «Սև և սպիտակի լույսը» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2026թ․-ի սեպտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Արդի Արվեստի Կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 7ա հասցեում։

Բացման արարողությանը անձամբ ներկա է լինելու Թորոս Ալաջաջյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում