Մշակույթ

Երևանի տիկնիկային թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Երևանյան տրամվայ» բեմադրությունը

2 րոպեի ընթերցում

Երևանի տիկնիկային թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Երևանյան տրամվայ» բեմադրությունը

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը օգոստոսի 29-ին և 30-ին Մոսկվայում կներկայացնի «Երևանյան տրամվայ» ներկայացումը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Աննա Էլբակյանի բեմադրած ներկայացումը նախատեսված է անցկացնել «Չիստոպրուդնի զբոսայգու վարպետանոցներ»-ում («Мастерские на Чистопрудном бульваре»)։

«Երևանյան տրամվայը» հանդիսատեսին տեղափոխում է 1960-70-ականների Երևան՝ ներկայացնելով քաղաքի պատմական ու մշակութային միջավայրը, վարդագույն տուֆով շենքերը, սոսիների ստվերը և ժամանակաշրջանի առանձնահատուկ մթնոլորտը։

Բեմադրության հիմքում տրամվայի կերպարն է, որը ներկայացվում է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլև որպես ժամանակի ընթացքը և տարբեր սերունդները միմյանց կապող խորհրդանիշ։

Ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվում մարդկային զգացմունքներին՝ սիրուն, ուրախությանը, ցավին և կարոտին։ Բեմադրության առանձնահատկություններից է նաև, որ այն հիմնված է հույզերի և տեսողական արտահայտչամիջոցների վրա՝ հնարավորություն տալով հանդիսատեսին ընկալել պատմությունը՝ անկախ լեզվական խոչընդոտներից։

Նշենք, որ Երևանի ազգային տիկնիկային թատրոնը սեպտեմբերի 16-21-ը Մոսկվայում կմասնակցի նաև Ժելեզկինի անվան տիկնիկային թատրոնների երկրորդ միջազգային փառատոն-մրցանակաբաշխությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում