Լավրովը չինացի գործընկերոջ հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ու իրանական ճգնաժամերի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասվում է հայտարարության մեջ։
«Լավրովը և Վան Ին քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության վերաբերյալ հարցեր` կենտրոնանալով ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ղեկավարության մակարդակով առաջիկա մի շարք միջոցառումների նախապատրաստման վրա», - հայտնել է նախարարությունը։
Բացի այդ, կողմերն ընդգծել են Մոսկվայի և Պեկինի միջև ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և Անվտանգության խորհրդում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, Մեծ քսանյակում և այլ բազմակողմ ձևաչափերում։
«Բանակցությունները տեղի են ունեցել ռուս-չինական հարաբերություններին բնորոշ վստահության և կառուցողական ոգով՝ հաստատելով, որ քննարկվող հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են», - եզրափակել է Արտաքին գործերի նախարարությունը։