Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է
3 րոպեի ընթերցում

Չինաստանի առևտրի ծավալը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ 2026 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է։ Չինաստանի և Եվրամիության միջև առևտրի ծավալը նշված ժամանակահատվածում տարեկան հաշվարկով աճել է 12,9%-ով՝ հասնելով 693,57 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Մաքսային գլխավոր վարչության տվյալները։
Ինչպես հետևում է հրապարակված տվյալներից, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանից ԵՄ ապրանքների մատակարարումները հասել են 485,43 միլիարդ դոլարի՝ ավելանալով 16,4%-ով։ Եվրամիությունից Չինաստան ներմուծումն աճել է 5,5%-ով և կազմել 208,14 միլիարդ դոլար։
Արդյունքում՝ Պեկինի դրական առևտրային հաշվեկշիռը 2025 թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ աճել է 3,2%-ով՝ մինչև 277,29 միլիարդ դոլար։
ԵՄ անդամ երկրների շարքում Չինաստանի հետ առևտրի ծավալով առաջատարը Գերմանիան է, որի ցուցանիշը հունվար-սեպտեմբերին կազմել է 173,68 միլիարդ դոլար (տարեկան հաշվարկով աճը՝ 10,6%)։ ԵՄ-ում Չինաստանի երկրորդ առաջատար առևտրային գործընկերը Նիդեռլանդներն է, որը հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացրել է 7,8%-ով՝ մինչև 90,66 միլիարդ դոլարի։ Հաջորդը Ֆրանսիան է՝ 70,83 միլիարդ դոլար ցուցանիշով (աճը՝ 14%)։
Իսկ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 462,54 միլիարդ դոլար՝ տարեկան հաշվարկով ավելանալով 8,6%-ով։
Ինչպես հետևում է Մաքսային գլխավոր վարչության վիճակագրությունից, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի արտահանումն ԱՄՆ կազմել է 348,19 միլիարդ դոլար՝ ցուցադրելով 9,8% աճ։ Միացյալ Նահանգներից Չինաստան ապրանքների ներմուծումն աճել է 5,2%-ով՝ մինչև 114,35 միլիարդ դոլար։
Չինաստանի դրական առևտրային հաշվեկշիռը Միացյալ Նահանգների հետ առևտրային փոխգործակցության 9 ամսվա արդյունքներով հասել է 233,84 միլիարդ դոլարի։ Դա 12%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծում է սոյա, բամբակ և եգիպտացորեն, միկրոսխեմաներ, արտաճանապարհային ավտոմոբիլներ, կոքսացող ածուխ, պղինձ և պղնձի հանքաքար։ Ամերիկյան կողմը Չինաստանից գնում է սմարթֆոններ, պարզեցված մաքսային ձևակերպման ենթակա ցածր արժեք ունեցող ապրանքներ, համակարգիչներ, լիթիումաիոնային մարտկոցներ, մանկական խաղալիքներ, պլաստիկե արտադրանք, տեսահսկման խցիկներ, կենցաղային սարքեր, հագուստ, կոշկեղեն և բազմաթիվ այլ ապրանքներ: