Իրան

Թրամփը հայտարարել է, որ չի կարծում՝ Չինաստանը և Ռուսաստանն օգնում են Իրանին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ չի կարծում՝ Չինաստանը և Ռուսաստանն օգնում են Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե Չինաստանն ու Ռուսաստանն «ընդհանրապես» օգնում են Իրանին։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը «չափազանց շատ բան ունեն կորցնելու», եթե աջակցեն Թեհրանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ծանոթացել է իր քննադատների և հակառակորդների հայտարարություններին, որոնց համաձայն՝ Չինաստանն ու Ռուսաստանն օգնում են Իրանին։

«Եթե նրանք դա անում են, ապա շատ քիչ չափով, բայց ես չեմ կարծում, թե ընդհանրապես օգնում են։ Նրանք չափազանց շատ բան ունեն կորցնելու, իսկ մենք կիմանայինք այդ մասին, և կիմանայինք շատ արագ», - նշել է Թրամփը։

Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ վստահում է Չինաստանին և Ռուսաստանին և կարծում է, որ նրանք չեն օգնի Իրանին, որի դեմ ԱՄՆ-ն պատերազմ է մղում։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել էր, որ եթե այդ երկրները միջամտեն, «նրանց համար դա շատ վատ կավարտվի»։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ սկսեցին Իրանի դեմ։ Թեհրանն ի պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի այն երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։ Այժմ ռազմական ակտիվ գործողություններ չեն ընթանում, սակայն իրավիճակը դեռ չի լուծվել։ Կողմերը միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակում՝ փորձելով հասնել կարգավորման։

Ավելի վաղ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Իրանի դեմ պատերազմի ընթացքում «չեզոք» էր բնութագրել։

Մոսկվան և Պեկինը սերտ հարաբերություններ են պահպանում Թեհրանի հետ։ Ռուսաստանը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի։ Չինաստանն էլ դատապարտել է Վաշինգտոնի հարվածները Թեհրանին՝ դրանք որակելով որպես Իրանի ինքնիշխանության բացահայտ խախտում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում