Բուլղարիայի խորհրդարանը հաստատել է ևս հինգ ՀՕՊ համակարգի նախագիծ. BTA
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարիայի խորհրդարանը հաստատել է հակաօդային պաշտպանության ներդրումային թարմացված նախագիծը՝ վերանայելով առաջին փուլը՝ նախատեսված մեկ IRIS-T SLM համակարգի համար, և ավելացնելով երկրորդ փուլ՝ ևս հինգ համակարգ ձեռք բերելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
«Երկիր-օդ» դասի հրթիռային համակարգերի ձեռքբերման թարմացված նախագիծը ներառում է երաշխիքային և սկզբնական լոգիստիկ աջակցություն, մատակարարում։
Որոշմանը կողմ են քվեարկել բոլոր խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները՝ բացառությամբ «Վազրաժդանե» կուսակցության։
Առաջին փուլի վերանայումը ենթադրում է 2024 թվականին խորհրդարանի կողմից հաստատված նախագծում նշված բազմասենսորային տեղորոշման համակարգի փոխարինում այլ սարքավորումներով, ինչպես նաև մատակարարման ժամկետների կրճատում։ Այս փոփոխության արդյունքում գործող պայմանագրի արժեքը 182,1 միլիոն եվրոյից կնվազի՝ դառնալով 180,6 միլիոն եվրո։ Երկու փուլերի ընդհանուր արժեքը, որոնք ֆինանսավորվում են «Եվրոպայի անվտանգության գործողություն» (SAFE) գործիքակազմի շրջանակներում, կազմում է 1,1 միլիարդ եվրո։
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ դիտարկվելու են նաև անօդաչու թռչող համակարգերի ձեռքբերման հնարավորությունները՝ դրանք «երկիր-օդ» հրթիռային համակարգերի հետ համատեղ օգտագործելու նպատակով։
Զեկույցի համաձայն՝ նախագծի իրականացումը ենթադրում է Բուլղարիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև ծրագրային համաձայնագրի ստորագրում, ինչպես նաև Diehl Defence ընկերության հետ կնքված IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագրին լրացուցիչ համաձայնագրի կցում։