Եվրոպա

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA

3 րոպեի ընթերցում

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտարարել է Զբոսաշրջության նախարարի տեղակալ Մարիելա Մոդևան՝ Վելիկո Տիռնովոյում մշակութային զբոսաշրջության միջազգային 21-րդ տոնավաճառի բացման ժամանակ։

Նրա խոսքով՝ մայիսից սեպտեմբեր զբոսաշրջիկների թիվը կազմել է 5,7 միլիոն, այդ թվում՝ ավելի քան 3,5 միլիոն օտարերկրյա այցելու։

«Բուլղարիան ներուժ ունի դառնալու ամբողջ տարին գործող զբոսաշրջային ուղղություն, ընդ որում՝ ջանքերն ուղղված են ոչ միայն այցելուների թվի ավելացմանը, այլև զբոսաշրջային արտադրանքի որակի բարելավմանը», - նշել է Մոդևան։

Մշակութային և պատմական զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը նույնպես աճում է. բուլղարական 21 համայնքներում այցելուների թիվն աճել է մոտ 1%-ով։

«Եվրոպական մակարդակով զբոսաշրջիկների մոտ 14%-ը նշում է, որ ճանապարհորդում է մշակութային և պատմական զբոսաշրջության նպատակով, մինչդեռ նույնքան մասնաբաժին հետաքրքրված է քաղաքային շրջագայություններով։ Մոտ 4%-ը հետաքրքրված է գինու և խոհարարական զբոսաշրջությամբ, ինչի արդյունքում զբոսաշրջության այս տեսակների ընդհանուր մասնաբաժինը կազմում է մոտ 32%», - հայտնել է Մոդևան։

Ներկայում Բուլղարիան չունի մշակութային զբոսաշրջության վերաբերյալ առանձին վիճակագրություն. այն գնահատվում է մշակութային և պատմական վայրեր, մշակութային ժառանգության կենտրոնացում ունեցող համայնքներ և թանգարաններ կատարված այցելությունների միջոցով։ Թանգարանային այցելությունների թիվն արդեն գերազանցել է 7,9 միլիոնը։ Անշարժ մշակութային ժառանգության օբյեկտների թվով (շուրջ 40 000) Բուլղարիան Եվրոպայում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իտալիայից և Հունաստանից հետո։

Մոդևան նշել է, որ երկրի իշխանությունները նպատակ ունեն բարելավել Բուլղարիայի զբոսաշրջային արտադրանքի որակը և փոխել երկրի՝ որպես էժան սեզոնային ուղղության ընկալումը։ Նրա խոսքով՝ ոլորտի զարգացման համար առանցքային նշանակություն ունեն ավելի լավ կապն ու հասանելիությունը, զբոսաշրջային նոր արտադրանքները և թիրախային շուկաներում ավելի արդյունավետ մարքեթինգը։

Մշակութային զբոսաշրջության միջազգային 21-րդ տոնավաճառը կգործի մինչև հոկտեմբերի 9։ Միջոցառումը կազմակերպվել է Վելիկո Տիռնովոյի քաղաքապետարանի կողմից՝ Զբոսաշրջության նախարարության հետ համատեղ և Մշակույթի նախարարության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում