Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարական «Bultraf» ընկերությունը մշակել է շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ, որը նախատեսված է վիրաբույժներին օգնելու հայտնաբերել սենտինելային (պահակային) ավշային հանգույցները քաղցկեղի վիրահատությունների ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին Սոֆիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Bultraf» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Չենկովը։
Վիրաբույժ Սվիլեն Մասլյանկովը Սոֆիայի «Ալեքսանդրովսկա» համալսարանական հիվանդանոցում փորձարկել է նախատիպը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների շրջանում։ Նա նշել է, որ դետեկտորը ցուցաբերել է բարձր զգայունություն և ճշգրտորեն հայտնաբերել սենտինելային ավշային հանգույցները։ Սարքն ունի ջերմաստիճանի սենսոր, որն ավտոմատ կերպով կարգավորում է չափումները, ինչպես նաև շարժական թև՝ վիրաբույժներին դժվարհասանելի հատվածներ հասնելու հարցում օգնելու համար։ Դրա USB-միացքը թույլ է տալիս տվյալները փոխանցել համակարգչին և լիցքավորել մարտկոցը։
Սենտինելային ավշային հանգույցների բիոպսիան հիմնականում կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի և մելանոմայի դեպքում։ Մասլյանկովի խոսքով՝ այն թույլ է տալիս իրականացնել ավելի քիչ ծավալուն վիրահատություն, նվազեցնել բարդությունները և կրճատել վերականգնման ժամանակահատվածն՝ այդպիսով բարելավելով պացիենտների կյանքի որակը։
Մասլյանկովը նախատեսում է սարքի հնարավորություններն ու առավելությունները ներկայացնել բժշկական ոլորտի մասնագետներին 2027 թվականին կայանալիք գիտաժողովի ընթացքում։ Նա հայտնել է, որ Բուլղարիայում ամեն տարի ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 4000 դեպք, այդ թվում՝ 23-29 տարեկան կանանց մոտ։
Նախատիպը մշակվել է մոտ 204 516 եվրո ընդհանուր բյուջե ունեցող նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորվել է «Ձեռնարկությունների մրցունակություն և նորարարություն 2021-2027» ծրագրի կողմից։ Սարքի նախապատրաստական աշխատանքները տևել են գրեթե երեք տարի։
Թիմը նախատեսում է սարքը հասանելի դարձնել բուլղարական բժշկական հաստատություններին՝ սերտիֆիկացման և լիցենզավորման անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո։
Թիմի գնահատմամբ՝ առնվազն մեկ տարի կպահանջվի արտադրված սարքերը շուկային առաջարկելու համար։